«Օպրերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի չի կարող լինել: Նման է նրան, որ ֆուտբոլի թիմում ասեն՝ գլխավոր մարզիչ պետք չէ, դաշտի տնօրենը կզբաղվի դրանով»,- խոսելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարանին պաշտոնից հեռացնելու մասին՝ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ շարունակելով.
«Երբ որ այս լուրը լսեցի՝ մեծ ցավ ապրեցի: Կարեն Դուրգարյանն արդեն պատրաստի և համաշխարհային մակարդակի դիրիժոր է: Ինչպես ասաց Կարենը՝ մեզնից ոչ ոք չի խլի մեր մասնագիտությունը, և դրսում վստահ եմ՝ ավելի շատ գումար կաշխատենք: Եթե չլինենք այստեղ՝ ուղղակի կկորցնենք կապը ժողովրդի, երաժիշտների հետ»:
Թոփչյանը չի ժխտում՝ թատրոնում անշուշտ, 10-յակ ուրիշ դիրիժորներ պետք է լինեն: Այդպես է յուրաքանչյուր երկրում.
«Ես Դուրգարյանի գլխավոր սխալներից մեկն այն եմ համարում, որ չափազանց շատ մարդկանց է նվագախմբին մոտ թողել: Նա երբեք չի խոչընդոտել նվագախմբի հետ աշխատել ցանկացողներին»,-նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը:
Էդուարդ Թոփչյանը կոչ արեց վերջ տալ ներքին պատերազմներին՝ նկատելով.
«Միշտ կարելի է փոխել գլխավոր դիրիժորին, ինձ էլ կարող են փոխել, ես արդեն 15 տարի է՝ այդտեղ եմ...Բայց, գիտեք ի՞նչ, մեր ռեսուրսները սահմանափակ են և վստահ կարող եմ աել, որ Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ դիրիժոր երկար ժամանակ կարող է չունենանք: Ուստի ուզում եմ կոչ անել՝ հերիք ա: Ես կարողանում եմ լավ պատերազմել ու հաղթել, բայց հոգնել եմ: Ամեն մեկը թող իր գործով զբաղվի, բոլորի համար էլ տեղ կա»:
Նշենք, որ համաձայն տարածված լուրերի՝ գլխավոր դիրիժորի պաշտոնում Կարեն Դուրգարյանին կարող է փոխարինել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Նույնիսկ նման կասկածն ինձ՝ որպես անձի, որպես երաժշտի վիրավորում է: Երիտասարդական նվագախումբը շատ անելիքներ ունի, և ես չեմ պատկերացնում, որ կարող եմ չլինել այդ թիմում»։
Անի Կարապետյան