▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների հարևանի՝ դատարանում տված ցուցմունքները տարբերվում էին նախաքննության փուլում տված ցուցմունքներից

2016 թվականի հունվարի 29-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով չորրորդ արտագնա դատական նիստը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Մովսեսյանի: 2016 թվականի հունվարի 29-ի դատական նիստի ընթացքում նախատեսված էր հարցաքննել նաև գործով ներգրավված վկաներ, տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին և Եգոր Ադամյանին: Վերջիններս, սակայն, ինքնազգացողության վատացման պատճառով հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ խնդրելով հրապարակել նախաքննության ընթացքում իրենց կողմից տրված ցուցմունքները: Ավետիսյանների անմիջական հարևան Կարինե Հովհաննիսյանի՝ դատարանում տված ցուցմունքները տարբերվում էին նախաքննության փուլում տված ցուցմունքներից: Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է, երբ արդեն աշխատանքի վայրում է գտնվել: Վկան իր ցուցմունքում նշեց նաև, որ բակում լվացքի առկայության պատճառով հնարավոր չի եղել տեսնել Ավետիսյանների բնակարանի դռան ապակին կոտրված է եղել, թե ոչ: Հարցաքննվեցին նաև Ավետիսյանների բնակարանի հարևանությամբ գտնվող խանութի աշխատակից Ռուզաննա Հակոբյանը և դեպքի վայր ժամանած Շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանը: Ռուսական ռազմաբազայի վաշտի հրամանատար Ա. Դանչինի հարցաքննությունը տևեց 1,5 ժամ: Փաստաբանների հարցին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի զինծառայողը Գյումրու ռազմաբազայում ծառայելու համար, Ա. Դանչինը նշեց, որ նա չպետք է հաշվառված լինի նյարդահոգեբանական դիսպանսերում, դատվածություն չպետք է ունենա, ինչպես նաև՝ նրա հարազատները: Վկան նշեց նաև, որ վերոնշյալ չափանիշներին համապատասխանությունը ստուգվել է Չիտայի հանձնաժողովի կողմից, որտեղից էլ զորակոչվել է Վ. Պերմյակովը: Ինչպես պարզվում է Պերմյակովի անձնական տվյալներից, վերջինս իրականում չի համապատասխանել չափանիշներին: Ըստ վկայի ցուցմունքի՝ Վ. Պերմյակովի դասալքության մասին տեղեկացել են 2015 թվականի հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 3-ին: Փաստաբանները փորձեցին ճշտել նաև՝ արդյոք նրանք զինված էին Պերմյակովին որոնելու ժամանակ, ինչին վկան բացասական պատասխան տվեց: Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Հ. Մովսեսյանը, գործով ներգրավված վկաներ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի 6 զինծառայողներ, արդեն զորացրվել են և չեն կարող ներկա գտնվել դատական նիստերին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին