▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Է՞լ ինչի վրա աչք ունի, կարող եմ տալ՝ կկշտանա երեւի. Պալաչը՝ Գագիկ Ծառուկյանին

armtimes.com-ը գրում է. Մամուլում տարիներ շարունակ տարածված տեղեկությունները, որ Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղին սպասարկող Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսները «Քինգ դելյուքս» ընկերությանը սնանկացնելու եւ երթուղիները Արթուր Հարությունյանից խլելու նպատակ ունեն՝ իրականություն են դառնում:

Մայիսի 20-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի է ունեցել Երեւան-Չարենցավան եւ Երեւան-Աբովյան ուղղությունները սպասարկող ընկերության մրցույթ, որին մասնակցել է մեկ ընկերություն՝«Մուլտի ավտոտրանսը»: Հաղթող կճանաչվի՞ այս ընկերությունը, թե՞ ոչ՝ պարզ կլինի այս շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթ: Տրանսպորտի նախարարության Տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասում էր՝ դա կախված է այն հանգամանքից, թե արդյո՞ք հայտ ներկայացրած ընկերությունը բավարարում է պահանջվող չափորոշիչներին:

Ըստ ՀՀ պետական ռեգիստրում առկա տվյալների՝ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարին, հիմնադիրը ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է:

Սա մի կողմից սպասելի, մյուս կողմից տարօրինակ է այն ֆոնին, որ վերջին տարիներին Գագիկ Ծառուկյանն այդ երթուղիներում իրականացնում էր «բարեգործական» սպասարկում: Սպասելի է այն իմաստով, որ «Քինգ դելյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը տարիներ շարունակ ահազանգում էր, որ Ծառուկյանը հատուկ վնասում է իր բիզնեսին եւ իր ընկերությունը տանում սնանկացման՝ այդ բիզնեսը իրենով անելու համար: Ինչպես հայտնի է՝ վերահսկող կառույցները տարիներ շարունակ աչք էին փակում այդ ահազանգերի վրա: Եվ եղավ այն, ինչը կանխատեսվում էր: Վերջերս Հարությունյանին պատկանող «Քինգ դելյուքսը» հայտարարեց սնանկացման մասին, Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիներում մրցույթ հայտարարվեց, Արթուր Հարությունյանին պատկանող գույքը բանկերը իրենց վարկերի դիմաց սեփականացրին: Ստացվեց, որ իշխանությունների թույլտվությամբ Գագիկ Ծառուկյանը սնանկացման տարավ մի ընկերության, որի սեփականատիրոջ հետ հակասություններ ուներ: Ու հիմա այդ բիզնեսը իրենով անելու փորձ է անում: Եվ գրեթե կասկած չկա, որ փորձը հաջողությամբ է պսակվելու:

Մեկ հարց ընդամենը, որ այսքանից հետո բաց է մնում՝ Ծառուկյանը շարունակելո՞ւ է շահագործել իր «բարեգործական» ավտոբուսները, թե՞ դրանք հանելու է գծերից՝ սեփական բիզնեսին չվնասելու համար: Մինչ այդ հարցում պատասխան ունենալը՝ փորձեցինք տեղի ունեցածի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ սնակացած «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից: Վերջինս արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում չէ:

- Պարոն Հարությունյան, ձեր կանխատեսումները կարծեք թե իրականանում են: «Քինգ դելյուքսին» սնանկացնելով Ծառուկյանը երթուղիները իրենով է անում:

- Դե դուք ամեն ինչ տեսնում եք, ի՞նչ ասեմ: Երկար տարիներ այդ մասին մամուլում գրվում էր, հերքում էին, հետո եղավ այն, ինչ եղավ: Իսկ եղավ այն, որ մեր երկրում օրենքը գրված է ընդամենը թղթի վրա, իշխանությունների աջակցությամբ իմ բիզնեսը հասցրին սնանկության: Եթե չլիներ այդ աջակցությունը՝ ինչպե՞ս կարող էին իմ ձեռքից վերցնել:

- Որեւէ քայլ չե՞ք պատրաստվում ձեռնարկել՝ ձեր խախտված իրավունքների վերականգնման համար:

- Այդքան տարի ես դիմեցի պաշտոնական նամակով կառավարությանը, նախագահին, նախարարությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որ օրենքով արգելված ձեւով անվճար ավտոբուսները շահագործվում են իմ երթուղիների վրա: Որեւէիցե մի կազմակերպություն արձագանքե՞ց, որեւէ մի կազմակերպություն փորձե՞ց միջամտել, որ անօրինական երթուղիները դադարեցվեն կամ օրենքով շահագործվեն: Դա հանգեցրեց իմ ընկերությունների սնանկացմանը: Հիմա ես ի՞նչ պետք է անեմ, որ խախտված իրավունքս վերականգնեմ: Էս երկրում օրենքը գրված է միայն թղթի վրա, ոչ թե գործելու համար: Ի՞նչ ասեմ՝ ունենք այն, ինչ ունենք:

- Դատարան չե՞ք պատրաստվում դիմել:

- Ինչո՞ւ եք հարցնում, եթե գիտեք մեր երկրում ինչն ինչպես է:

- Կարծում եք Գագիկ Ծառուկյանը իշխանություններից աջակցությո՞ւն ուներ ձեր բիզնեսը սնանկացնելու հարցում:

- Իշխանությունից աջակցություն չունենար, շատ հարցեր կար՝ ինքը չէր կարող անել: Մի կողմից իշխանությունը հայտարարում է՝ բոլոր ներդրողների համար հավասար դաշտ ենք ստեղծում, մյուս կողմից սա վառ օրինակ է, թե ինչպես ներդրողին հասցրին սնանկացման: էդքան էլ բանկերով ներդրումներ արեցինք: Ի՞նչ ասեմ, ինքը (Գագիկ Ծառուկյանը-խմբ.) հասավ իր նպատակին, սնանկացրեց «Քինգ դելյուքսը», երեւի ունեցածը իրեն չէր հերիքում, էդ էլ ունեցավ, թող վայելի, բարով վայելի: Եթե ինչ-որ մի բան պետք է, կարող եմ դա էլ տալ: Եթե ինչ-որ բանի վրա էլ աչք ունի, ես ունեմ, կարող եմ տալ, էդ մարդը կկշտանա երեւի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին