31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրել է սահմանապահ զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
«Ինքներդ տեսաք, որ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը:
Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,- սպիտակ արջի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Արթուրը պարգևատրման ժամանակ կրել է շապիկ, որին պատկերված էր ապրիլյան քառoրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գոտեմարտելով կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ, 3:0 հաշվով դարձավ ոսկե մեդալակիր:
Նշենք, որ Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: