▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա հանցագործության բացահայտում չէ, սա ուղիղ կոծկում է. Լևոն Բարսեղյան

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պերմյակովին ցմահ տվեցին ու ձեռները լվացին: Դատարանն այդպես էլ չուզեց ու չկարողացավ ապացուցել, որ Ավետիսյաններին սպանողը Պերմյակովն է եղել կամ միայն Պերմյակովն է եղել: Մի շարք փորձաքննություններ, օրինակ, թե ինչ անհայտ արյան հետքեր եւ մազ է նրա հագուստին գտնվել, չիրականացվեցին, ինչքան էլ տուժողները պահանջեցին, մի շարք փորձարարություններ, ինչպես օրինակ գիշերով Պերմյակովին զորամասից պայմանական «թողնելու», որ նա եսիմինչ ճանապարհներով գար, հասնել, գտներ Գյումրու Մյասնիկյան 188 տան դարպասը, այն բացեր, մտներ, բակում գիշերով տունը գտներ, ներս մտնելու, կրակելու, սպանելու գործողությունների իմիտացիան աներ, չի իրականացվել, հետո ինչ է արել, ինչ ճանապարհով ուր է գնացել, որտեղ է մնացել, չի փորձվել, չի ստուգվել, թե ինչ աղմուկ է առաջանում այդ տան մեջ կրակելուց, այդ աղմուկն ինչպես է լսվում հարեւան տներում, ինչ հեռավորությամբ է լսվում, արդյո՞ք այդ մակարդակի աղմուկից առողջ եւ վատառողջ հարեւանները կարող էին արթնանալ` չստուգվեց: Ուղղակի պատկերացրեք, որ հայկական կողմը չի արել այդ փորձարարությունը, չի արել եւ վերջ, մեղադրյալը դեպքի վայր չի տարվել, նույնիսկ չեն հարցաքննվել Ավետիսյանների անմիջական հարեւանները, նախկին ծառայակիցների եւ անմիջական հրամանատարների մեծ մասը նույնպես չեն հարցաքննվել, որովհետեւ…Ռուսաստանում են արդեն, զահլա չունեն գալու` վկայություն տալու: Բացի այդ բազմաթիվ հակասություններ, տարօրինակություններ չեն պարզվել այս սպանության հետ կապված: Եւ ամենագլխավորը. չի պարզվել սպանության մոտիվը: Քրեագիտություն ասես չի էլ եղել, գեղի ռազբորկա սարքեցին փաստորեն, կրկես, որ Կրեմլը նայողը իր Սերժիկին անկյուն չկանգնեցնի, մոտավորապես:

Սա հանցագործության բացահայտում չէ, սա ուղիղ կոծկում է:

 Հարակից հանցագործությունների մասով ընդհանրապես բան չի արվել. (1) ինչո՞ւ են ռուսական զինվորականները զինված հետախուզում իրականացրել ՀՀ տարածքում, (2) ինչո՞ւ է ռուսական կողմը Պերմյակովի փախուստից հազիվ 4 ժամ անց տեղեկացրել ՀՀ իշխանություններին այդ մասին, ինչու՞ անհապաղ չի տեղեկացրել, (3) ինչո՞ւ են իրենց ծառայակցին ՀՀ տարածքում գտնելուց հետո (եթե իսկապես իրենք են եղել հայտնաբերողը), ոչ թե հանձնել ՀՀ իշխանություններին, այլ տարել 102-րդ բազայի զորամաս, (4) ինչո՞ւ են ՀՀ իրավապահները անգործություն եւ անփութություն դրսեւորել այս հանգամանքների կապակցությամբ, ով է պատասխան տվել, որ այս հանգամանքների բերումով խախտվել են ՀՀ-ՌԴ համաձայնագրերի մի շարք պարտավորություններ: Այս մասերով վաղուց քրեական գործեր պիտի հարուցված լինեին: Կլինեին, եթե կայացած պետություն լիներ ու օրինավոր իշխանություն ունենայինք:

Ավետիսյանների սպանության կոծկումը բարոյական հանցանքից բացի քրեական հանցագործություն է եւ վաղեմության ժամկետ չունի, սա ակնհայտ դավաճանության տարեր պարունակող բան է եւ պիտի վերաբացվի` երբ իշխանություն ունենա մեր երկիրը: Պիտի բացվի ՀՀ այն պաշտոնյաների եւ գործակալների դեմ, որոնք մեղսակցեցին գործի կոծկմանը: Դրանց համառոտ ցանկը հետեւյալն է. նախկին դատախազ Կոստանյան, Ոստիկանության պետ Գասպարյան, դատավոր աշխատող Հարություն Մովսեսյան, մականունը` Ատի, ու էլի մի շարք մանր մունր գործակատարներ:

Նման փորձությունները գալիս են ապացուցելու, որ իշխանությունն ու պետությունը զավթված են: Ես կասկածում եմ նույնիսկ, որ եթե այս կամ այլ պաշտոնյաների ընտանիքին նման ողբերգություն պատահեր, իրենք կկարողանային բացահայտման կամք դրսեւորել եւ պատշաճ քննություն կիրականցնեին: Այ այդքան գլորվել ենք»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին