▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն հիվանդանոցի հանդերձասրահից. տեսախցիկը ֆիքսել է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:30- 14:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի փայտե պահարանի դուռը եւ քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ, նույնականացման քարտ, կուտակային քարտեր եւ բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են համալսարանական հիվանդանոցում տեղակայված տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են միջանցքում հայտնվում 2 երիտասարդ՝ մոտ 20-25 տարեկան, սեւ մազերով, միջին կազմվածքով եւ հերթով մուտք գործում սենյակ, որտեղ գտնվում են գողացված իրերը եւ դուրս գալիս: Երիտասարդներից մեկը՝ սեւ բաճկոնով, սեւ տաբատով եւ սեւ կոշիկներով է, իսկ մյուսը՝ սեւ բաճկոնով, բաց կապույտ ջինսե տաբատով եւ սեւ սպորտային կոշիկներով:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց կամ որեւէ տեղեություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին