▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հերթական խեղկատակությունը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հերթական խեղկատակությունը

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.09.2017թ. տրված թիվ ԵԱՔԴ/3108/02/14 կատարողական թերթերի հիման վրա Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից 20.09.2017թ. հարուցվել են թիվ 03627763 և թիվ 03627768 կատարողական վարույթները: Համաձայն կատարողական թերթերի պահանջների` ա. Անվավեր ճանաչել «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Պյատախինի 09.06.2014թ. աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 2418-Կ հրամանը. Պարտավորեցնել պատասխանող <ԱրմենՏել> ՓԲԸ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվոր Ռ. Գ-ին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և հայցվոր Ռ. Գ-ին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի եռապատիկի չափով: բ. Ռ. Գ-ի վերաքննիչ բողոքը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործով 05.08.2016 թվականին կայացված վճիռը` հայցը մերժելու մասով բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. 1. Ռ. Գ-ի հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին բավարարել: 2. Ռ. Գ-ին վերականգնել «ԱրմենՏել» ՓԲԸ <B2C վաճառքի աջակցման և ուղեկցման խմբի` «Վաճառքի ուղեկցման մասնագետ»-ի հաստիքում: Մնացած մասով վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2017թ. որոշումը պարզաբանելու վերաբերյալ <ԱրմենՏել> ՓԲԸ դիմումը մերժելու մասին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 որոշման մեջ նշվել է, որ. <Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանի 09.02.2017թ. որոշմամբ Ռ. Գ-ի հայցն ընդդեմ <ԱրմենՏել> ՓԲԸ` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին բավարարվել է, և վերջինս վերականգնվել է «ԱրմենՏել» ՓԲԸ B2C վաճառքի աջակցման և ուղեկցման խմբի «Վաճառքի ուղեկցման մասնագետ»- ի հաստիքում, հետևաբար, «ԱրմենՏել» ՓԲԸ Ռ. Գ-ին պետք է վճարի միայն հարկադիր պարապուրդի գումարը»: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջի` Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Հետևաբար, ա. անկախ այն հանգամանքից, թե «B2C վաճառքի աջակցման և ուղեկցման խմբի» «Վաճառքի ուղեկցման մասնագետ»-ի հաստիքը գոյություն ունի թե` ոչ, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերոնշյալ նորմի ուժով պարտավոր է կատարել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2017թ. որոշման պահանջը` հաստիքի բացակայության դեպքում նույն հաստիքն ստեղծելու միջոցով, բ. միաժամանակ, վերոնշյալ որոշումից հետևում է, որ <ԱրմենՏել> ՓԲԸ Ռ. Գ-ին պետք է վճարի հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար:

3. համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության և 2-րդ մասի պահանջների` 1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: 2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձվել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ: Հետևաբար, կատարողական գործողությունները պետք է իրականացվեին երկամսյա ժամկետում, քանի որ կատարողական թերթերի պահանջներն իրենց բնույթով այնպիսին չեն, որ պահանջվի դրանց կատարման առավել երկար ժամկետ:

4. Հարկադիր կատարողի 25.09.2017թ. որոշումներով հարկադիր պարապուրդի գումարը վճարելուն պարտավորեցնելու և աշխատանքում վերականգնելու մասերով պարտապանի /ԱրմենՏել ՓԲԸ/ համար սահմանվել է դրանց կատարման ժամկետ` մինչև 17.10.2017թ., իսկ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Պյատախինի 09.06.2014թ. աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 2418-Կ հրամանն անվավեր ճանաչելու ժամկետ մինչ օրս չի սահմանվել, ինչը համարվում է պահանջատիրոջ իրավունքների ակնհայտ խախտում` քանի որ կատարողական գործողությունները պետք է իրականացվեին երկամսյա ժամկետում:

5. Քանի որ կատարողական թերթերի պահանջները մինչ օրս չեն կատարվել, Խնդիրը պարզելու նպատակով դիմել եմ դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժին` կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու համար: դիմումը ներկայացնելուց հետո զանգահարել եմ հարկադիր կատարողին` գործի նյութերին ծանոթանալու օրը և ժամը ճշտելու համար. ի պատասխան հարկադիր կատարողն առաջարկել է նյութերին ծանոթանալու համար 15.11.2017թ. ներկայանալ բաժին, հայտնելով, որ <կմտնենք բաժնի պետի մոտ>: Իհարկե առնվազն անհասկանալի է, թե կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու համար ինչու պետք է մտնեմ բաժնի պետի մոտ, սակայն, նշված կառույցի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունենալով և վերջինիս աշխատելաոճը հստակ պատկերացնելով, 15.11.2017թ. այցելել եմ նշված բաժին:

Հանդիպման ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետը հայտնել է, որ «ԱրմենՏել»  ՓԲԸ կողմից հարկադիր կատարողի որոշումները չկատարելու արդյունքում նախապատրաստվել է դիմում ՀՀ Գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու վերաբերյալ, և անհրաժեշտ է սպասել մինչև նշված դիմումի կապակցությամբ համապատասխան որոշման կայացումը: Մինչդեռ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  ՀՀ օրենքը չի սահմանում որևէ դրույթ, համաձայն ինչի` վերոնշյալ դեպքում իրավապահ մարմիններին դիմելիս անհրաժեշտ է սպասել մինչև համապատասխան որոշման կայացնելը /քանի որ որոշման կայացումը կարող է տևել ամիսներ և տարիներ /ասենք, քրեական գործ հարուցվելու դեպքում/, այն դեպքում` երբ հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողությունները ենթակա են կատարման երկամսյա ժամկետում/: Իմ կողմից պարզաբանվել է, որ իրավապահ մարմիններին դիմելուն զուգահեռ կատարողական գործողությունները ենթակա են կատարաման, քանի որ իրավապահ մարմիններին դիմելը չի արգելում հարկադիր կատարողի կողմից համապատասխան գործողությունների կատարումը, հակառակ դեպքում, թույլ է տրվելու պահանջատիրոջ իրավունքների ակնհայտ խախտում: Միաժամանակ հանդիպման ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետն ինձ հայտնել է, որ քանի որ կատարողական թերթում ոչ թե նշված է «հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման» պահանջ, այլ նշված է

 

 

Պարտավորեցնել պատասխանող <ԱրմենՏել> ՓԲԸ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվոր Ռ. Գ-ին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը>, հետևաբար, եթե պարտարանի կողմից /ԱրմենՏել ՓԲԸ/ պարտավորեցման որոշումը չի կատարվել, հարկադիր կատարողը չի կարող իրականացնել հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձումը, քանի որ կատարողական թերթում «Բռնագանձել» եզրույթը նշված չէ, այլ նշված է պարտավորեցնել> եզրույթը: Սա իհարկե նոր հայտնագործություն է, սակայն, նման հայտնագործություններից չպետք է զարմանալ: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետին հայտնել եմ, որ ա. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2017թ. որոշումը պարզաբանելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 որոշման մեջ ուղղակիորեն նշվել է, որ. «Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանի 09.02.2017թ. որոշմամբ Ռ. Գ-ի հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ` նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին բավարարվել է, և վերջինս վերականգնվել է «ԱրմենՏել» ՓԲԸ «B2C վաճառքի աջակցման և ուղեկցման խմբի»  «Վաճառքի ուղեկցման մասնագետ»-ի հաստիքում, հետևաբար, «ԱրմենՏել» ՓԲԸ Ռ. Գ-ին պետք է վճարի միայն հարկադիր պարապուրդի գումարը 

 

բ. անկախ նրանից թե ինչ եզրույթով է սահմանված հարկադիր պարապուրդի գումարը գանձելու մասը, հարկադիր կատարողի սահմանած ժամկետում գումարը պարտապանի կողմից չվճարվելու դեպքում, այն ենթակա է բռնագանձման, գ. կատարողական գործողությունների կատարման ժամկետն ավարտվում է 20.11.2017թ. և նշված օրվա դրությամբ կատարողական թերթերի պահանջները հարկադիր կատարողի կողմից կատարված չլինելու դեպքում, ստիպված եմ լինելու դիմել ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայությանը, ինչից հետո Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետը հայտնեց, որ կխորհրդակցեն իրենց իրավաբանների հետ, որ տեսնեն ինչ կարելի է անել: 6. Համաձայն  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի պահանջի` «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ: Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը` իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով»: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետը կամ տեղյակ չէր նշված նորմի գոյությունից /կամ այն մեկնաբանել է յուրովի/ կամ այն հարկադրանքի միջոցներից, որոնց իրականացման համար լիազորված է հարկադիր կատարողը կամ պարզապես ինչ-ինչ պատճառներով ցանկություն չունի հանձնարարել հարկադիր կատարողին կատարելու օրենքով սահմանված վերոնշյալ գործողությունները: Վերոնշյալ նորմից ակնհայտորեն հետևում է, որ այն դեպքում, երբ հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում /17.10.2017թ./ հարկադիր կատարողի որոշումները չեն կատարվել, հետևաբար, նշված հոդվածի երկրորդ մասի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր էր կազմակերպել կատարողական թերթի պահանջների կատարումն` իրականացնելով հարկադրող գործողություններ` ա. աշխատանքից ազատելու մասին հրամանի անվավեր ճանաչման, բ. պարտատիրոջն աշխատանքում վերականգնելուն, գ. հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձմանն ուղղված /պահանջատիրոջ ամսական աշխատավարձի չափը ճշտելու /ինչն արդեն իսկ պետք է մինչ այդ ճշտված լիներ /չի ճշտվել//, ըստ ճշտման ենթարկված պահանջատիրոջ ամսական աշխատավարձի չափի կատարել դրա հաշվարկ /ինչն արդեն իսկ մինչ այդ պետք է կատարված լիներ /չի կատարվել//, և իրականացնել դրա բռնագանձումն` անմիջապես պարտապանի դրամարկղից կամ պարտապանին սպասարկող ցանկացած բանկից /ինչը ևս չի կատարվել/ ուղղությամբ` սակայն, բացառապես դրսևորել է անգործություն: Հետևաբար, կատարողական թերթերի պահանջները չեն կատարվել բացառապես դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի անգործության` օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողին վերապահված համապատասխան միջոցներ չձեռնարկելու` անգործություն դրսևորելու արդյունքում:

6. Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջի` Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասի» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ ենթակետերի, 45-րդ հոդվածի, 46-րդ հոդվածի պահանջների` 1. Հարկադիր կատարողի պարտականություններն են` 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը. 3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը. 5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը. Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար: Հետևաբար, մինչև 20.11.2017թ. /կատարողական գործողությունների համար սահմանված երկամսյա ժամկետի լրանալը/ ի խախտումն վերոնշյալ նորմերի պահանջների, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով չեն ձեռնարկել միջոցներ` կատարողական թերթերի պահանջները կատարելու ուղղությամբ, ինչը համարվում է պարտատիրոջ իրավունքների ակնհայտ խախտում: Փաստորեն, անընդհատ քննադատելով դատական համակարգում տիրող անօրինությունները, կարծես թե աչքաթող է արվում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում տիրող կատարյալ կամայական և անօրինական ու բարձիթողի վիճակը, քանի որ նշված մարմինը, օրենքի պահանջների բազմակի խախտումներ թույլ տալուց զատ, ինչպես նաև կատարողական թերթերի պահանջներն անհիմն կերպով չկատարելով կամ ինչ-ինչ պատճառներով դատական ակտերի պահանջները չկատարելով` ստեղծել է կատարյալ անվստահություն ոչ միայն իր, այլև ողջ դատական համակարգի հանդեպ. ստացվում է, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում /դատական գործընթացը տևել է մոտ երեք տարի/ դատական կարգով գործը դրական արդյունքով ավարտելուց հետո դեռ պետք է ընկնես հարկադիր կատարողների «ձեռքը», իսկ թե ինչի կհանգեցնեն վերջիններիս քմահաճույքները, դժվար է կանխատեսել: Միանշանակորեն այս համակարգը ևս ունի լուրջ բարեփոխումների և բանիմաց, բարեկիրթ և բարեխիղճ աշխատողների կարիք:

Փաստաբան Արտավազդ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին