▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինեգործների բաց նամակը՝ «կարաս» ապրանքային նշանի հետ կապված

Բազմաթիվ գինեգործական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Խաղողագործության և Գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին՝ հայտնելով «կարաս»  ապրանքային նշանի հետ կապված իրենց մտահոգությունները. բաց նամակը՝ ստորև.

 

Գինեգործական ընկերությունների միասնական դիմումը

Տնօրեն՝ տ-ին Զ. Մուրադյանին

Հարգելի տիկին Մուրադյան,

Դիմում ենք Ձեզ՝ որպես ոլորտը համակարգող և ոլորտի զարգացման ռազմավարությունն իրականացնող մարմնի ղեկավարի, ակնկալելով ձեր գործուն աջակցությունը հետևյալ խնդրի կարգավորման հարցում.

1.     2012 թ-ին  մտավոր սեփականության գործակալությունը  գրանցել է Կարաս ապրանքային նշանը` տալով պահպանություն նշված բառի համար  «Տիեռաս դե Արմենիա» ընկերության անունով:

Մինչդեռ  մեր հարևան երկիր Վրաստանը, որտեղ բարձր են գնահատում դարերի խորքից իրենց հասած գինեգործական ժառանգությունը, 2011 թ. վերջին Քվեվրին ճանաչեց ազգային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և այն դասեց երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության ֆոնդին: Վրացական իշխանությունները նաև դիմեցին ՅՈՒՆԵՍԿՕ` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Քվեվրիում գինու պատրաստման մեթոդը ներառելու խնդրանքով, և 2013 թ. այն ընդգկրվեց այդ ցանկում: Այժմ Վրաստանում Քվեվրի բառը պիտակի վրա կարող է օգտագործել միայն քվեվրիում գինի արտադրողը:

Գինու արտադրության  6000-ամյա  գործիք Կարասը, գրանցելով որպես ապրանքային նշան, տալով պահպանություն,  սահմանափակելով մյուս ընկերություններին կարասում գինի արտադրելու դեպքում պիտակի վրա  համապատասխան մակնշումը լուրջ հարվածի տակ կարող են դնել հայկական գինեգործության և երկրի միջազգային հեղինակությունը՝ որպես կարասում գինու արտադրության 6000-ամյա ավանդույթների կրողի։

Բարձր գնահատելով «Տիեռաս դե Արմենիա» ընկերության դերը երկրի տնտեսության և գինեգործության զարգացման հարցում և հասկանալով, որ խնդիրն առաջացել է ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության Մտավոր Սեփականության Գործակալության ոչ պրոֆեսիրոնալ և անբարեխիղճ գործունեության արդյունքում, կոչ ենք անում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ին հրաժարվել  «կարաս» բառի նկատմամբ  պահպանությունից հանուն տեղական արտադրողների համընդհանուր բարօրության և երկրի հեղինակության։ Սա կարող է օրինակելի նախադեպ դառնալ նմանօրինակ նշանակության բառերի պատենտավորման դեպքում առավել ուշադիր և ոչ խնդրահարույց գործունեություն իրականացնելու համար:

2. ՀԽԳՀ-ից պահանջում ենք ներմուծել և կառավարության որոշման մակարդակով/ օրենքի ուժով սահմանել «կարասի տեխնոլոգիայով պատրաստվող գինիների» չափանիշները, արտադրանքի պիտակի վրա սույն տեխնոլոգիայի մակնշումը՝ որպես երկրի այցեքարտ, որպես կարասում գինի հնացնող հնագույն երկրներից մեկը։ Սա տրամաբանորեն պետք է լինի Արենի հնագույն գինեգործարան ունեցող երկրի հաջորդ կարևոր քայլը:     

3. Ե՛վ «Տիեռաս դե Արմենինան»` որպես գինի արտադրող ոլորտի առաջատարներից մեկը, և՛ «Զորահ» ընկերությունը՝ որպես հայ գինեգործության ավանդական մեթոդներին վերածնունդ տված ընկերություններ, թանկ և կարևոր են բոլորիս համար , ուստի կոչ ենք  անում երկու ընկերությանն էլ  շուտափույթ և խաղաղ ճանապարհով  հարցին լուծում տալ և չթողնել  դատական վեճը դուրս գա ՀՀ սահմաններից դուրս, քանի  որ այն բացասական ազդեցություն է ունենալու մեր երկրի ներքին և արտաքին իմիջի վրա:

Կողմերի համաձայնության չգալու և տվյալ խնդրին պատշաճ լուծում չգտնելու դեպքում, մենք գինոգործներս, միավորվելով, ստիպված կլինենք գտնել խնդրի դատա-իրավական լուծում՝ համապատսխան ատյաններում հանդես գալով որպես կողմ:

Կարդացեք՝ Եկե՛ք օդն էլ սեփականաշնորհեք.Ինչո՞ւ է Էռնեկյանը հայ գինեգործներին դատի տվել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին