Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցը:
«Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Հարությունյանը, սակայնց չցանկացավ մանրամասնել, թե որն էր առաջին դեպքը:
Հիշեցնենք, որ Մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը հարցազրույց է վերցրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալներից: Համացանցի հայ օգտատերերը զզվանքով, զարմանքով ու զայրույթով են անդրադարձել այդ ռեպորտաժին:
Կարդացեք նաև` Մարդկանց արժանապատվությունը նսեմացող հաղորդման համար պետք է պախարակել ոչ թե այդ աղջկան, այլ այն եթեր տվողներին...