Մարտի 5-9-ը Երևանում անցկացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը: Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին: Այս տարի նվիրված էր կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին:
Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է: Նրա սաներից են Ալեքսանդր Աճեմյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ: Գրիգոր Եղիազարյանը ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և բալետի ժանրերում, գրել սիմֆոնիկ պոեմներ, սիմֆոնիա, ռոմանսներ:
«Փառատոնի նպատակը մեզ ու աշխարհի համար արժեքների բացահայտումն է: Մի փոքր մոռացված անունները կարողանում ենք նոր ֆորմատով ներկայացնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նշենք, որ անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ծավալուն աշխատանք է կատարվել.թվայնացվել են ավելի քան 50 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են 200-ը:
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ կարևոր է հայ դասականների գործերը պրոպագանդելը: Գրիգոր Եղիազարյանի արխիվից օրինակ՝ քիչ բան է մեզ հասանելի, ցավոք, շատ բաներ չեն պահպանվել: Հիմնականում պարտիտուրներ են, նվագաբաժինները բացակայում են, ինչն էլ անհնար է դարձնում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումը: Նվագախումբը հաճախ է արտասահմանից նամակներ ստանում, որտեղ նշում են, որ ցանկանում են այս կամ այն կոմպոզիտորի գործերից կատարել: Ցավոք, հաճախ նոտաները չեն կարողանում ուղարկել, քանի որ ձեռագիր են, իսկ նրանք հրաժարվում են: Եվրոպական նվագախմբերը ձեռագիր նոտաներով ոչ մի ստեղծագործություն չեն կատարում: Ստացվում է՝ ցանկություն ունեն, բայց դա չի իրականանում:
Անի Կարապետյան