▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինը գալիս է Հայաստան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ազատ արձակվելուց հետո կրկին մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց Լապշինը՝ տեղեկացնելով, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երևան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիևիայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, և Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է: Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին