▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն վերահաստատում է օժանդակության տրամադրումը Հայաստանին

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստում վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար: Այս մասին տեղեկացնում են  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից;

Հաղորդագրության մեջ նշված է. «2018 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը, որը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձեւաչափի հանդիպումն էր: 

ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդգհանուր հանդիսացող արժեքներին:  Այս արժեքները կազմում են 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և 2018թ. ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքը: Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու և այս կարևորագույն ոլորտներին  աջակցություն տրամադրելու    պատրաստակամությունը:

Ի թիվս այլ հարցերի, Եվրամիությունը և Հայաստանը քննարկեցին ընտրական բարեփոխումներին, հավաքների և կամարտահայտման ազատությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր: Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչև արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել  օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին և Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին:

Կողմերն ընդգծեցին, որ հավաքների ազատությունը համընդհանուր և հիմնարար ազատություն է:  Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթը, ինչպես նաև բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը:  Նաեւ, հարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ և բազմակարծիք լրատվական միջավայրի և քաղաքական բազմակարծության կարևորությունը:

Հայաստանը վերահաստատեց իր հաձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության  ընդունման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանը: Աշխատանքի իրավունքի ոլորտում, հայկական կողմը նշեց, որ ծրագրում է  բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերի, աշխատավարձի և աշխատողների իրավունքների տեսանկյունից:  

Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց և կառուցողական փոխանակում: Իր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել և խորհրդակցել էր   հայաստանյան և միջազգային  քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններ, ուր նախանշված են կոնկրետ գործողություններ, որոնց կատարման ընթացքը  կդիտարկվի եւ հետևողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում:  

ԵՄ-ը վերահաստատեց պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար:

 

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ-ը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին