ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլատրվել է մեկնել Մոսկվա։ Այս մասին այսօր Sputnik Արմենիային հայտնել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մեզ համար կարևոր էր, որ գրավոր համաձայնությունը լինի վայրույթ իրականացնող մարմնից, ինչը քիչ առաջ ստացված գրությամբ, փաստորեն տրվեց»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ Հայաստանից մեկնելու իրավունք Յուրի Խաչատուրովն ուներ խափանման միջոց գրավի կիրառման առաջին իսկ վայրկյանից։
Նա նաև նշեց, որ Խաչատուրովի մեկնելը որևէ կապ չունի քրեական գործի հետ և պայմանավորված է ՀԱՊԿ–ում նրա մշտական աշխատանքով։
«Իմ պաշտպանյալը պարտավորվել է վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ»,– ասաց Պողոսյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նշենք, որ այսօր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղար, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ երկրից հեռանալու համար և վերջինս կարող է վերադառնալ իր աշխատանքային պարտականությունների իրականացմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվել էր Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Խաչատուրովն ազատ էր արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

Նա դատարան ժամանելիս հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները:Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը
Հայաստանն ակտիվ քննարկումներ է վարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ. Տիգրան Բալայան


