ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն. եղել է ճնշում դատարանի վրա։ Այս մասին Yerevan.Today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից:
Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հանձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը: Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն, ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից, փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իմ հասցեին»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է վարչապետի կողմից:
«Սա ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը չէ, ինքն ուղղակի կատարող է, բայց էնտուզիազմով կատարող է և հաճույքով կատարող է նման կարգի հանձնարարականը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը»,– ասել է Քոչարյանը։
Քոչարյանը նաև անդրադարձել է հեռախոսազրույցում հնչող բառապաշարին։
«Գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը»,– ասել է նա:
Կարդացեք նաև՝
Կատարվել է հանցագործություն. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ գաղտնալսված հեռախոսազրույցի մասին
Այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի մասին