hetq.am-ը գրում է. Գերմանական «Շպիգել» հանդեսը եւ «MDR» հեռուստաընկերությունը երեկ աղմկահարույց հետաքննություն են հրապարակել Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումների մասին:
Լրագրողները տեղեկացել են, որ դաշնային քրեական ոստիկանությունը (BKA) եւ 6 երկրամասերի քրեական ոստիկանները (LKA) իրականացրել են գաղտնի հատուկ գործողություն, որը կոչվել է «FATIL» (Fight against thieves in law – պայքար «օրենքով գողերի» դեմ): Ոստիկաններին աջակցել են նաեւ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն (BND) ու Եվրոպոլը: Ինչպես ասվում է լրագրողական հետաքննության մեջ, այս գործողության շրջանակներում իրավապահները փորձել են բռնել հայկական մաֆիայի անդամներին, բայց առանձնապես հաջողության չեն հասել: Ըստ հրապարակման՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները կառավարվում են «օրենքով գողերի» կողմից, որոնք ռուսաստանյան-եվրասիական հանցավոր շրջանակներից են:
Հայերով ոստիկանները սկսել են հետաքրքրվել 2014 թ. հուլիսին Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում տեղի ունեցած միջադեպից հետո: Երկու հանցավոր կլանների միջեւ գիշերային փոխհրաձգությունից միայն 3 տարի անց Էրֆուրտի դատարանը կրակողներից մեկին դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման, իսկ չորս հոգու պայմանական բաց է թողել: Այս միջադեպից հետո բախումները հայկական խմբավորումների մեջ շարունակվել են՝ հարձակում հայի պատկանող ռեստորանի վրա, ծեծկռտուք եւ այլն: Քննիչներից մեկը լրագրողներին պատմել է, որ հայկական խմբավորումներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ:
Էրֆուրտի կրակոցներից հետո 14 քրեական գործ էր բացվել 42 հոգու դեմ, որոնք կասկածվում էին ֆինանսական մեքենայությունների մեջ: «Շպիգելի» փոխանցմամբ՝ դաշնային քրեական ոստիկանները նշել են, որ իրենց երկրում «իսկապես գոյություն ունի» հայկական մաֆիա: Վերջինս, ըստ իրավապահների, ռուսաստանյան-եվրասիական շրջանակների պես «էական ֆինանսական» ռեսուրսների է տիրապետում եւ կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այդուհանդերձ, իրավապահներն առայժմ բավականաչափ ապացույցներ չեն կարողանում գտնել, ինչը հիմք կդառնա մեղադրանք առաջադրելու համար:
Էրֆուրտյան միջադեպի մեջ ոստիկանները կասկածել են նաեւ Գերմանիայում բնակվող հայտնի հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատին, ով սակայն հերքել է իր մասնակցությունը՝ նշելով, որ այդ ժամանակ եղել է Բեռլինում: Նրա եղբայրը՝ Կոկո Մուրատը, հայտնել է, թե տեսախցիկների նկարահանած կադրերում երեւում է ինքը, սակայն միջադեպի վայրում հայտնվել է պատահաբար: Ոստիկանները չեն կարողացել եղբայրների դեմ բավարար ապացույցներ գտնել:
Գերմանացի իրավապահները մաֆիայի հետ կապ ունենալու առումով որոշակի կասկածներ են ունեցել եւս մեկ աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկի՝ այդ երկրում բնակվող Արթուր Աբրահամի հանդեպ: Աբրահամը, ըստ «Շպիգելի», իրեն ուղղված մեծաթիվ հարցերին չի պատասխանել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում