▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային ներդրողները նախքան ներդրումը 2 անգամ կմտածեն՝ փորձելով դաս քաղել Լիդիանի գործից. Ալեքսանդր Խաչատուրյան

 

«Ունենք այն, ինչ ունենք: Ակնհայտ էր, որ Fitch Ratings-ը պետք է դրան ուշադրություն դարձներ, որովհետև այդ ամենի զարգացումը կարող է լրջագույն ազդեցություն ունենալ մեր ընդհանուր միջավայրի վրա՝ ելնելով տարբեր տեսանկյուններից»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, «TK & Partners» իրավաբանական գրասենյակի գործընկեր Ալեքսանդր Խաչատուրյանը՝ անդրադառնալով  Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության, ինչպես նաև Լիդիանի հայտարարություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե այդ ամենը հսկայական ծավալներ ստանա, ապա խոսում ենք հսկայական գումարների մասին, կվախենամ ինչ-որ գումար հստակ նշել, բայց խոսքը որպես վեճի առարկա առնվազն 9 նիշանոց դոլարներով գումարների մասին է: Կարծում եմ, որ այս ամենը շատ մեծ ռիսկ է պետության և կառավարության համար՝ որպես միջազգային վեճի գործի կողմ, մասնակից: Մյուս տեսանկյունից, դա հեղինակության ռիսկ է՝ կախված այն ամենից, թե ինչպես կզարգանա այս գործը և ինչ արդյունք կստանա, սա միջազգային խոշոր ներդնողների համար լրջագույն խնդիր է: Պետք է մի բան հասկանալ, որ ներդրումների մեծ մասը, որոնք x գումարից շատ են, օրինակ՝ 100 միլիոնից ավել, նրանք ենթադրում են կառավարության հետ համագործակցություն, աշխատանք: Դա Հայաստանի համար բավական բարձր գումար է, և բոլոր նրանք, ովքեր խոսել են մեծ գումարների, ներդրումների մասին և ենթադրել են, որ ինչ-որ կոմֆորտ պետք է ստանան այդ տեսանկյունից, երկու անգամ կմտածեն՝ փորձելով դաս քաղել Լիդիանի գործից: Չեմ կարծում, որ սա կանդրադառնա միջին և միջինից փոքր ներդնողների վրա, բայց մեծ ներդնողներն անշուշտ պետք է ուշադրություն դարձնեն դրան, ավելի ճիշտ՝ կարծում եմ, որ դարձնելու են»,- ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը:

Ըստ նրա՝  այս գործից ելնելով այլ վտանգներ էլ կան.

«Երբ ինչ-որ մեկը դատի է տալիս, կախված այն բանից,  թե այդ գործն ինչ ընթացք է ստանում, մնացած բոլորը, ովքեր ծոցագրպանում ինչ-որ բաներ ունեին կամ ցանկանում էին դատի տալ Հայաստանի Հանրապետությանը, համարձակություն կունենան գնալու այդ պրոցեսին: Դա Հայաստանի վրա ազդեցություն կունենա, իհարկե, խոսքը գործընթացի և իրավական կողմի մասին չէ, այլ հեղինակության, ռազմավարության տեսանկյան, այսինքն՝ եթե դու գիտես, որ տվյալ երկիրը ծանրաբեռնված է լրջագույն, մեծ ծավալի գործով, ապա դատի տալն ու հավանականությունը, որ պետությունը դրան մեծ ուշադրություն չի դարձնի, իսկ դու ավելի լավ արդյունք կստանաս, շատ ավելի մեծ է: Դա պայմանավորված է այն գործոնով, որ պետության ուշադրությունն այլ գործի վրա է»:

Խոսելով այս այս ամենի՝ տնտեսական հեղափոխության վրա հավանական ազդեցություն գործելու մասին, Ալեքսանդր Խաչատուրյանն ասաց.

«Դժվարանում եմ ասել, որովհետև Լիդիանի պատմությունը շատ շուտվանից է գալիս, ակնհայտ է, որ այս  գործը պետք է այնպես լուծել, որ Հայաստանը ֆինանսական տեսանկյունից բեռ չունենա, ինչպես նաև հեղինակության տեսանկյունից խնդիրներ չառաջանան: Ինձ  թվում է, որ հեղափոխություն կարող է տեղի ունենալ ցանկացած միջավայրում, այլ հարց է, թե ինչ արագությամբ, որակով և այլն: Ակհայտ է, որ եթե մենք տնտեսական հեղափոխության նախապայմաններից մեկը դիտարկում ենք բարենպաստ ներդրումային միջավայրը, հատկապես՝ մեծ նախագծերի համար, ապա այդ տեսանյուկից կրկին չեմ բացառում տնտեսական հեղափոխության կայացումը, բայց կարծում եմ, որ համեմատաբար ավելի դժվար կլինի, գոնե այդ առումով հաստատ այդպես եմ կարծում: Այսինքն՝ եթե մենք ցանկանում ենք արագ, որակյալ, տեսանելի և շոշափելի տնտեսական հեղափոխություն իրականացնել՝ անկախ նրա ձևից և բովանդակությունից, ակնհայտ է, որ դա շատ ավելի հեշտ կարելի է անել, երբ պետությունը ներգրավված չէ լրջագույն դատական գործընթացների մեջ, որոնք կարող են մի քանի միլիարդ դոլար պահանջ ներառել»:

Հիշեցնենք, որ երեկ Լիդիանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ (TSX:LYD) ընկերությունը (հետայսու՝ Լիդիանը կամ Ընկերությունը) այսօր հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վեճերի առկայության մասին»:

Ավելի վաղ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հատուկ տողով անդրադարձել էր Ամուլսարի ոսկու հանքի խնդրին, համարելով այն ներդրումների վրա ազդող գործոն:

«Ամուլսարի հանքավայրում բնապահպանական բնույթի վեճի շուրջ անորոշության նվազեցումը կնպաստի արտահանման ծավալների աճին և օտարերկրյա ներդրումների հեռանկարին», - ասված էր զեկույցում:

Հեղինակ՝ Լ. Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին