ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
«Փաստինֆո»-ն է գրում այս մասին և նշում, որ հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ոչ հերքել է և ոչ է հաստատել է լուրը:
«Ազատություն»-ն է գրում այս մասին և նշում, որ Սանասարյանն ասել է, որ իրեն որպես կասկածյալ ներգրավելու կամ չներգրավելու մասին լուրը նախաքննական գաղտնիք է և հավելել է, որ գործին չվնասելու համար չի կարող որևէ տեղեկություն տալ:
«Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվություն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի, և որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է ՊՎԾ պետը: