ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում ՀՀ պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող սկանդալի վերաբերյալ:
ԱԱԾ հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետեւողական եւ անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության եւ կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ի հետ նախնական համաձայնությամբ, առերեւույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության եւ մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առեւտրային կազմակերպության հաղթանակը:
Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Նշված գործողությունների հետեւանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:
Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ. Ա-ն՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց եւ գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր:
Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետեւանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը, ինչի հետեւանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների եւ կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլեւ վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:
Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք եւ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են:
2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գնումների բնագավառում բոլոր կոռուպցիոն դրսեւորումները եւ դրանց առնչվող անձանց բացահայտելու, պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: