Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ Աշտարակի տարածքային երիտասարդական ակտիվի հետ այցելել է Աղձք՝ հայոց Արշակունի արքաների դամբարան, /4-րդ դար, միակը Հայաստանում-հեղ./, Դեղերի վանք:
Հանրապետականները մինչ այս «ուխտագնացություն» էին կազմակերպել դեպի Սյունիք՝ Գարեգին Նժդեհի շիրիմին, որ գտնվում է Սպիտակավոր եկեղեցու բակում:
Արշակունիների արքայական դամբարանը խորհրդանշում է հայ ժողովրդի ռազմական ուժն ու պետականությունը:
Պատմահայր Խորենացու վկայությամբ 360-ականներին պարսից զորքերը, գրավելով Անի ամրոցը, ավարի են առնում այնտեղ պահված բոլոր արքունական գանձերը և գերեւարում հայոց արքաների ոսկորները:
Սակայն հայոց նախարարները՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ պարտության են մատնում պարսից զորքին եւ վերադարձնում արքաների ոսկորները: Արշակունի թագավորները վերահուղարկավորվում են Աղձք գյուղում:
ՀՀԿ-ում նշում են, որ վերջին իրադարձություններից հետո նմանատիպ միջոցառումները լավ առիթ են՝ վերարժեւորելու իրենց ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, ինչպես նաեւ տարածքներում հանդիպելու գաղափարի նվիրյալ կուսակից երիտասարդների հետ: