▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Ստամբուլյան կոնվենցիայի՝ ընտանեկան բռնություն են նաև զուգընկերների միջև կատարվող բռնության գործողությունները

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի լրումն նախընթաց հարցադրումների` ցանկանում եմ հարգարժան օրենսդիրների, հանրության և զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հրավիրել այլ հանգամանքների վրա ևս: Ընդ որում, առանձնահատուկ շեշտում եմ, որ հիշյալ հարցադրումները ենթադրում են բացառապես իրավական տիրույթում դրանց քննարկում այնքանով, որքանով ինքս դեմ եմ առանց մասնագիտական պատշաճ փաստարկների համակցության ինքնին որևէ գաղափարի կողմ կամ դեմ լինելուն: Աներկբա է միայն այն, որ հասարակությունը պետք է ստանա առերևույթ խնդրահարույց հարցերի պատշաճ պատասխանները, որի արդյունքում կբացառվի իրավական իրականության վարագուրումը կոնվենցիայի ենթադրյալ անխոցելիության փաստարկներով:

1. 3-րդ հոդված, բ) կետ

«ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև (…):

Հարց. Նշված հոդվածի շարադրանքից հետևում է արդյոք, որ զուգընկերների միջև բռնությունն ընտանեկան բռնություն է, եթե այո, ապա կարելի՞ է եզրակացնել, որ զուգընկերների միջև հարաբերություններն էլ համարվում են ընտանեկան հարաբերություններ:

2. 3-րդ հոդված, գ) կետ

«գենդերային պատկանելություն»՝ նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար։

Հարց. Նշված հոդվածից չի հետևում արդյոք, որ կոնվենցիան բացի տղամարդուց ու կնոջից` որպես առանձին սեռերի, նախատեսում է նաև հատուկ պաշտպանության ենթակա առանձին օբյեկտ ևս` գենդերային պատկանելիություն, որն, ըստ էության, չի ներառվում ոչ կնոջ, ոչ էլ տղամարդու կոնցեպտում: Եթե այո, ապա ի՞նչ է դա: Այլ կերպ ասած` կարելի է եզրակացնել, որ տեսականորեն կարող է լինել կին, ով ունենա այլ գենդերային պատկանելիություն:

Ընդ որում, պնդումն առ այն, որ նշված հասկացությունը ամրագրված է դեռևս «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով, բացարձակ ապատեղակատվություն է, որովհետև նշված օրենքով գենդերը սահմանվել է որպես սոցիալական հայեցակետ բացառապես կանանց և տղամարդկանց միջև, դրան չի տրվել սոցիալական դերի իմաստ:

3. 4-րդ հոդված, 3-րդ մաս

Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից :

Հարց. Նշված հոդվածի շարադրանքից հետևում է արդյոք, որ կոնվենցիան սահմանում է երկու ինքնավար արժեքներ` ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ և ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ: Որո՞նք են սրանց հարաբերակցության ելակետերը:

Շարունակելի…»:

 

 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին