Ստամբուլահայ սիրված երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն առաջինն էր, ով իր թովիչ ձայնով ու գեղեցիկ հայերենով գերեց անգամ թուրք հանդիսատեսին: Հովհաննես Շիրազի բառերի հիման վրա գրված նրա «Նամակ» երգի տեսահոլովակը ժամանակին «գրավեց» թուրքական ամենաազդեցիկ հեռուստաալիքները: Թուրքական մամուլի հետաքրքրությունն ու արձագանքը չափազանց մեծ էին:
Երգչուհու «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ներառված են նաև «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին՝ արժանանալով ջերմ արձագանքների:
Այժմ երգչուհին պատրաստվում է նոր՝ «Սեր» ձայնասկավառակի թողարկմանը, որը կներկայացվի 2014-ի հունվարին:
Սիբիլը ծնվել և մեծացել է Ստամբուլում, ընդամենը մի քանի տարի է սովորել հայկական նախակրթարանում, սակայն խոսում և երգում է հայերեն, երազում երգել հինավուրց Անիում:
Առաջիկա ծրագրերի, երազանքների, Թուրքիայում հայկական երգերի նկատմամբ վերաբերմունքի, արձագանքների և այլ թեմաների շուրջ է ASEKOSE.am-ի թղթակցի զրույցը Սիբիլ Փեքթորոսօղլուի հետ:
-Սիրելի Սիբիլ, վստահ եմ՝ շատերին կհետաքրքրի. ի՞նչ ծագում ունի Ձեր անունը
-Կնքահորս՝ Արտաշես սարկավագ Նշանյանի փափագով են ինձ այդպես կոչել: Սիբիլն աստվածուհի է՝ հունական դիցաբանության մեջ: Կնքահայրս, սակայն, ինձ կոչել է անվանի գրող Սիբիլի (Զաբել Ասատուրի) ծածկանունով: Սա ոչ թե իմ բեմական, այլ իսկական անունն է:
-Մասնագիտությամբ ֆինանսիստ եք… ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք երգել:
- Այո, ֆինանսիստ եմ: Աշխատում եմ բանկերից մեկում: Առաջին անգամ երգել եմ «Սուրբ Վարդանանց» երգչախմբում: Տարիների ընթացքում, սակայն, երգչախմբից դուրս տարբեր համերգների առաջարկներ եմ ստացել: Իմ ճանապարհին շատ մարդիկ հանդիպեցին, ովքեր ինձ աջակցել ու ձեռք են պարզել: Նրանցից մեկը Ստամբուլում ապրող և ստեղծագործող տաղանդավոր երգահան Մաժակ Թոշիկյանն է: Նրա զանազան ծրագրերում մասնակցություն ունեցա: Մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ ինձ իրենց համերգներին հրավիրեցին և սատար կանգնեցին Թուրքիայում հայկական երաժշտությունը ներկայացնելու, ավելի ճիշտ՝ լսելի դարձնելու գործում: Այդ երկու տաղանդավոր մարդիկ Մերցան Դեդեն և Գոկսել Բեքտագիրն են, ովքեր «Սիբիլ» ալբոմում սիրահոժար ընկերակցեցին ինձ:
-Ձեր ընտանիքի մասին կխնդրեի պատմել…ծնվել ու մեծացել եք Ստամբուլում, բայց խոսում և երգում եք հայերեն…
-Հայրական կողմս Պոլսից է, իսկ մայրական կողմս՝ Թոքատից և Սվազից: Ես և քույրս Պոլիսում ենք ծնվել, բոլոր հարազատներս Թուրքիայում են: Հայրենասեր, մեր արմատներին ու անցյալին կառչած ընտանիքի զավակ եմ: Ցավոք, միայն 5 տարի եմ հաճախել հայկական նախակրթարան, որից հետո օտար վարժարան: Բայց մեր ընտանիքում միայն հայերեն ենք խոսել: Հատկապես հայրս շատ խիստ ու բծախնդիր է այս առումով:
-Ձեր «Նամակ» երգն առաջին հայկական երգն էր, որ հնչեց թուրքական առաջատար հեռուստաալիքներով: Ասել է թե՝ հայ երգն ընդունվեց: Ի՞նչ նշանակություն ուներ դա Ձեզ համար:
-Երջանկությունս անսահման էր: Երբ տեսահոլովակը նկարահանելու որոշում կայացվեց, մարդիկ ինձ հաճախ էին ասում. «Սիբիլ, տեսահոլովակը շատ մեծ ծախսերի հետ է կապված. թուրքական հեռուստաալիքները չեն ցուցադրի, ինչու՞ ես ռիսկի դիմում»: Բայց սրտիս ձայնը լսեցի, որը հակառակն էր «պնդում»: Հնարավորության սահմաններում որակյալ տեսահոլովակ նկարահանելու որոշում ընդունեցինք: «Նամակը» դարձավ Թուրքիայի առաջին հայերեն լեզվով տեսահոլովակը: Արձագանքը շատ մեծ էր: Թե երգը, թե տեսահոլովակը սիրվեցին և ընդունվեցին: Տեսահոլովակը թուրքական զանազան հեռուստաալիքների եթերում տեղ գտավ:
-Ձեր առաջին ձայներիզը, որտեղ ընդգրկված էին միայն հայերեն երգեր, սիրվեց ու ջերմ ընդունելության արժանացավ…Ստամբուլում կա՞ հայկական երգերի պահանջարկ:
- Ալբոմս թողարկելուց հետո թուրքերի կողմից բազմաթիվ նամակներ ստացա: Նրանք հիմնականում շեշտում էին, որ… «Այդքան էլ էական չէ, որ երգի բառերը հասկանանք, կարևորը՝ երբ քո երգերը լսում ենք, մեր սրտերը թրթռում են: Ինչքան գեղեցիկ լեզու, որքան գեղեցիկ երաժշտություն ունեք դուք»: Հուսանք ՝ երկրորդ ալբոմս՝ «Սեր»-ը, էլ ավելի դրական արձագանքների կարժանանա:
-Մի առիթով ասել էիք, որ երազում եք Անիում երգել… Ի՞նչ չիրականացված երազանքներ կամ միգուցե նպատակներ ունեք…
-Ես շատ երազկոտ աղջիկ եմ: Սիրում եմ երազել և հույս ունեմ, որ բոլոր երազանքներս կկատարվեն: Երազանքներս շատ են, բայց կնախընտրեմ դրանց մասին իրականություն դառնալուց հետո միայն ձեզ հետ կիսվել: Խոստովանեմ, երազանքս հայկական երգը ոչ միայն թուրքերին, այլև՝ օտարներին ևս սիրելի և ճանաչելի դարձնելն է, ինչպես անգլերեն, իտալերեն կամ ֆանսերեն երգերը: Իսկ ամենամեծ երազանքս Շառլ Ազնավուրի հետ ծանոթանալն է:
-Իսկ հավատու՞մ եք, որ Անին և հայկական մյուս տարածքները մի օր կգտնեն իսկական տերերին…
-Կյանքն անակնկալներով լեցուն է: Միայն Աստված գիտե…
-Ե՞րբ եք սկսել համագործակցել երգահան Մաժակ Թոշիկյանի հետ:
-Մաժակ Թոշիկյանի հետ արդեն 10 տարի է՝ ծանոթ եմ: Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» երաժշտական ծրագրի շրջանակներում ենք ծանոթացել, և այդ օրվանից մեր մտերմությունը շարունակվել է:
-Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում: Ի՞նչ զգացողություններով:
-Հունիսին այցելել էի Հայաստան: Ամեն այցելությանս նույն հուզմունքը, նույն ուրախությունն ու նույն ապրումներն եմ ունենում:
-Սիրելի Սիբիլ, Հայաստանի հանդիսատեսն էլ սիրում ու հպարտանում է Ձեզանով: Ի՞նչ կասեիք Ձեր հանդիսատեսին:
-Հազար շնորհակալություն բոլորին՝ ջերմության և բարի մաղթանքների համար: Ինձ շատ է ոգևորում հանդիսատեսի սերը և ուժ է տալիս: Ձեր միջոցով բոլոր հայրենակիցներիս սերս և հարգանքներս եմ հղում:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան