▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսի դրածոն ռուսի դեմ չի կարող խոսել

 

Վիլեն Գաբրիելյանը կեսօրին ցուցմունք է տվել․ ակտիվիստի վրա հարձակվել էին շաբաթ երեկոյան՝ Երևանի կենտրոնում: Դիմակավորված չորս անձինք առանց որևէ բան ասելու փայտե մահակներով հարվածներ էին հասցրել, Վիլեն Գաբրիելյանը ուղեղի ցնցում է ստացել, գլխի վրա դրվել են կարեր, դեմքն ամբողջությամբ կապտած և այտուցված է: Նա չի ցանկանում նկարահանվել այդ տեսքով, փոխանցեց, որ միջադեպը կապում է իր քաղաքացիական ակտիվության և քաղաքական հայացքների հետ՝ վկայակոչելով իշխանությունների ու հատկապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին հնչեցրած իր խիստ քննադատությունը:
«Ինձ համար հիմնական պատվիրատուն Գասպարյան Վովան է ու, եթե այդ գործը բացահայտվում է, նշանակում է՝ ինքը կապ չունի, եթե չի բացահայտվում, նշանակում է հենց իր պատվերն է:

Օրերս ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, ով սոցիալական ցանցերում հայտնի է Նավակ Ճոճողը անունով, դիմակավորված չորս անձինք Երևանի կենտրոնում առանց որևէ բան ասելու փայտե մահակներով հարվածներ էին հասցրել, ով և ուղեղի ցնցում է ստացել:

Նա միջադեպը կապում է իր քաղաքացիական ակտիվության և քաղաքական հայացքների հետ՝ նշելով, որ  հիմնական պատվիրատուն Վլադիմիր Գասպարյանն է.

«Սակայն, եթե այդ գործը բացահայտվում է, նշանակում է՝ ինքը կապ չունի, եթե չի բացահայտվում, նշանակում է հենց իր պատվերն է: Այժմ հետաքննություն է իրականացվում»,-ասում է ակտիվիստը: Նրա խոսքով՝ մեզ մոտ իշխում է քրեաօլիգարխիկ համակարգը, կրիմինալը: «Փողկապ են կապում, կոստյում հագնում ու սկսում են սիրուն բառեր ասել»: Իսկ, թե որքանո՞վ է կատարվածը ազդել ակտիվիստի, նրա որոշումների վրա, ինչպես է նա պատկերացնում մի շարք խնդիրների լուծումը և ո՞վ ու ինչպիսի՞ն պետք է ՀՀ նախագահը, այս ամենը՝ ստորև ներկայացվող զրույցում.

Ինչո՞ւ Նավակ ճոճող:

-Ուղղակի թարգմանել եմ ռուսերենից. ֆեյսբուքում, Թվիթթերում ռուս քաղաքացիական ակտիվիստները,  որոնք ակտիվ են, իրենց զբաղվածությունը բնութագրող տողում գրում են  раскачиваю лодку, ես էլ փորձեցի այդ անունով հանդես գալ:

Իսկ ինչո՞ւ ռուս և ոչ եվրոպացի ակտիվիստների անունը ուշադրությունդ գրավեց:

-Եվրոպայում էլ է այդպես: Երկիրը համեմատվում է նավակի հետ: Սկզբում ինձ մոտ էլ էր այդպես, հիմա այլ իմաստ կա անվանս մեջ: Նավակը իշխող համակարգն է: Ես էլ ճոճում եմ:

Ինչպիսի՞ն ես ուզում տեսնել քո նավակը:

-Ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական: Դեպի այս ամենը տանող ճանապարհը, իհարկե, ժողովրդից է կախված: Նա պետք է ցանկանա ու անի:

Այդ ցանկությունը դո՞ւ նկատում ես:

-Եթե ֆեյսբուքից դուրս գամ, մտնեմ ինչ-որ մեկի տուն, այնտեղ բոլորը կբողոքեն իշխանությունից, բայց մեր ժողովրդի մոտ փողոց դուրս գալու իրավիճակ ստեղծվում է  ընտրությունից ընտրություն: Իրենց ձայները կեղծում են, իրենք էլ փողոց են դուրս գալիս: Հետընտրական գործընթացներում ժողովուրդը միշտ էլ ակտիվ է եղել:

Գրառումներիդ մեծ մասն ուղղված են ՀՀ նախագահի, իշխող վարչախմբի դեմ.անխնա քննադատում ես: Ինչպիսի՞ նախագահ ես ուզում տեսնել:

-Նախ և առաջ, ես նախագահից չեմ դժգոհում.Սերժ Սարգսյանն ինձ համար երբեք նախագահ չի եղել, քանի որ իշխանության է եկել Մարտի մեկի սպանդի միջոցով: Այն, թե ինչպիսի նախագահ եմ պատկերացնում, ասեմ՝ ընտրված ժողովրդի կողմից, իսկ թե ինչ պետք է անի նախագահը, ինչ իրավունքներ ունի, ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված է:

Եվ, ո՞վ կարող է լինել այդ պաշտոնում:

-Այս պահի դրությամբ այն մարդը, ով կարող է լինել ընդդիմության առաջնորդն ու նա, ով կարող է ստանալ ժողովրդի վստահությունը, Նիկոլ Փաշինյանն է:

Քեզ տեսնում ենք քաղաքացիական գրեթե բոլոր շարժումների ժամանակ.ՁԵր ակցիաները որքանո՞վ են իրենց նպատակին ծառայել, կարո՞ղ ես նշել մի դեպք, որ պայքարեցիք ու հասաք խնդրի  լուծմանը:

-Ինչքան շարժում որ եղել է, ես ամբողջական հաղթանակ ոչ մի շարժման ընթացքում չեմ տեսել ու կարելի է ասել՝ միայն «Վճարում ենք 100 դրամ» շարժումն է եղել, բայց այնտեղ էլ թերություններ տեսնում եմ: Տրանսպորտի թանկացման վտանգը հիմա էլ կա: Չնայած ասեմ, որ յուրաքանչյուր շարժումը ինչ-որ լավ բանի հանգեցնում է:

Հիմա կոնկրետ ինչի՞ համար ես պայքարում:

-Ընդդեմ քրեաօլիգարխիկ համակարգի, որն այս պահի դրությամբ ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Պայքարում եմ իմ երազած Հայաստանի համար:

Քո վերջին գրառումներից մեկու անդրադարձել ես նաև Գյումրիի ողբերգությանը, ժողովրդի բողոքի ձայնին՝ նշելով, որ շատերը և իհարկե, իշխանությունը վախենում է ռուսից, բայց իրականում նրանք պետք է վախենան մեզանից: Կարծո՞ւմ ես:

-Հասարակության մեջ ընդունված է՝ հանկարծ եթե ռուսները ռազմաբազան հանեն, թուրքերը հարձակվելու են, Արցախում պատերազմ է լինելու: Դա չեմ բացառում, բայց վախեցած չեմ, որ եթե փորձեմ ՌԴ իշխանությունից պահանջել, որ ռազմաբազան հանի, ինքն էլ հանի ու ինչ-որ բաներ ա սկսվելու: Մեր պետությունը վախի պատճառով գնալով կործանվում է, որովհետև ռուսների ազդեցությունը մեծանում ու ավելանում է: Իսկ, թե ինչու ռուսները պետք է մեզանից վախենան, ասեմ, նրա համար, որովհետև ինչքան որ մեզ է ռազմաբազան պետք, դրա կրկնակին իրենց է պետք: Երբ որ ասեմ՝ ռազմաբազան հանի, վստահ եմ, որ ասելու է չհանեմ, թող մնա, բայց ի՞նչ անեմ քեզ համար, որպեսզի մնա: Իսկ, որպեսզի դա ես ասեմ, համարձակություն պետք է ունենամ, իսկ դա կանի ժողովրդի կողմից ընտրված նախագահը: Ռուսի դրածոն ռուսի դեմ չի կարող խոսել:

Քաղաքականություն մտնելու ցանկութուն չունե՞ս: Առաջարկ չի՞ եղել:

-Չէ, ես քաղաքացիական դաշտում ինձ լավ եմ զգում:

Երբևէ երկիրը լքելու միտք ունեցե՞լ ես:

-Չէ, չեմ ունեցել, դժվար էլ ունենամ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին