▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի համար «անցանկալի» հայերն ու այս երկրի գլխավոր վախը

Վրաստանի համար «անցանկալի անձինք» կարծես թե այդ ցուցակից դուրս գալու ելքը չեն գտնում: Ինչպես գիտեք՝ 2015թ․ հոկտեմբերի 18-ին Վրաստան մուտք գործել չէին թույլատրել նաև Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, շուրջ 6 տարի առաջ Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին։ Սակայն Վրաստանի նոր իշխանությունների գալուց հետո Շիրակ Թորոսյանի նկատմամբ արգելքը վերացել էր։ Արգելել էին նաև պատմական գիտությունների թեկնածու, այժմ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահի տեղակալ Վահե Սարգսյանի մուտքը։ «Անցանկալի անձանցից» է նաև «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը։

Իսկ, թե ինչո՞ւ է պասիվ հայկական համայնքը կամ ինչո՞ւ են լռում տեղի հայ պատգամավորները, վրացագետ Ջոնի Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօրվա դրությամբ ունենք 2 պատգամավոր, ովքեր Նինոծմինդայից և Ախալքալաքից են ընտրվել: Եվս մեկ պատգամավոր կա, ով կուսակցական է, ումից հայ համայնքի համար շատ բան անելու պահանջ դժվար է ներկայացնել: Այսինքն, անկախ պատգամավորներն այդ հարցերով պետք է զբաղվեն, աշխատանք տանեն բնակչության հետ»:

Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանում անգամ անդրադարձ չի եղել այդ երկրի համար «անցանկալի անձ» համարված մի շարք հայերի խնդրին. «Մենք պետք է հասկանանք, որ կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան՝ իրենք մտահոգություն ունեն, որ օրերից մեկ օր Ջավախքը կարող է անցնել Հայաստանին: Եվ, երբ ոչ կոռեկտ են հայերը արտահայտվում, իրենք ասում են՝ գիտեք, «սև ցուցակ»-ում չեք, բայց լավ կլինի, որ Վրաստան չմտնեք: Շիրակ Թորոսյանի դեպքում խնդիր կլիներ, եթե «սև ցուցակ»-ում ընդգրկեին, քանի որ պետք է բացատրություն տային, իսկ ահա պետական պաշտոն չզբաղեցնող անձանց պարզապես ասացին, որ այլևս չգան»,-նկատեց վրացագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին