«Տեխնոլոգիաները պետք է հնարավորինս շատ ներդրվեն բոլոր ուղղություններում, ինչը երկրի համար շատ կարևոր է: Մենք ունենք ահռելի ներուժ, մենք ունեք շատ պայծառ ուղեղներ, մեր ընկերությունը հավատում է, որ մենք հաջողելու ենք այս ուղղություններում: Շատ հպարտ ենք, որ այդ միջավայրի մի մասն ենք: Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը շարունակելու է իր լուման ներդնել ոլորտի զարգացման մեջ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ աշխարհը տրանսֆորմացվում է և գնում է դեպի տեխնոլոգիաներ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ մեծ հաջողություններ գրանցել»,- այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած «Լավագույն տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարական մրցույթի փակման արարողությանն ասաց Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերության արտաքին կապերի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը: Նշենք, որ երեկ տեղի էր ունենում «Լավագույն տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարական մրցույթի 2021թ-ի 2-րդ փուլի հաղթողների հայտարարման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հաղթող ճանաչված 10 թիմերը ստացան շուրջ 1.440.000 ՀՀ դրամի չափով մրցանակ և հավաստագրեր:

«Տեխնոլոգիաները դինամիկ զարգանում են ամբողջ աշխարհում, քանի որ դեռևս կան ոլորտներ, որոնք չեն հասցրել ամբողջությամբ ներծծել տեխնոլոգիական զարգացումները, գաղափար առաջացավ ոչ տեխնոլոգիական ոլորտներում խթանել տեխնոլոգիաների կիրառությունը՝ դրանով բարձրացնելով այդ ոլորտների արդյունավետությունը, ու, առհասարակ, նպաստելու տնտեսության զարգացմանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝Ֆիլիպ Մորիս Արմենիայի ֆինանսովորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ նախաձեռնեցին «Լավագույն տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարական մրցույթը, որը մեկնարկել էր հոկտեմբերին, այսօր ամփոփում ենք երկրորդ փուլը»,-ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը:
Հավելենք, որ տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեին այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են՝
• Կայունությունը և այլընտրանքային էներգիան,
• Դիզայնը և ստեղծարարությունը,
• Մշակումը և արտադրությունը,
• Գիտությունն ու կրթությունը,
• Գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը,
• Առողջապահությունն ու հոգեբանությունը,
• Զբոսաշրջությունը և հյուրընկալությունը, • և այլն։
Մասնակից թիմերը հնարավորություն ունեցան աշխատելու փորձառու մենթորների հետ և ներկայացնելու իրենց գաղափարները հատուկ Bootcamp-ի ընթացքում:


