▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջան. Պինո Արլակկին անհարմար դրության մեջ է դնում Եվրոպային

Արդեն տեղեկացրել ենք, որ իտալական Panorama էլեկտրոնային պարբերականը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Պինո Արլակկիի գործունեությանը: 

Հրապարակումն ամբողջությամբ` ստորև. 

Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարում է, որ Բաքվի ռեժիմը «ազատ, արդար եւ թափանցիկ» է, մինչդեռ Սոցիալիստները Բրյուսելում պահանջում են Արլակկիին զրկել մանդատից եւ նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել:

 

Հիմա վարչախումբ, թե՞ «ազատ, արդար ու թափանցիկ» ժողովրդավարություն: Ադրբեջանի վերջին ընտրությունները ցունամիի պես անցան Բրյուսելի «բարձր հարկերով», անհարմար դրության մեջ դնելով Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ընտրական գործընթացներում: Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնք երրորդ անգամ անընդմեջ (եւ դա զարմանալի չէ) նորից 85% ձայներ ապահովեցին Իլհամ Ալիեւի համար, Պինո Արլակկիի կարծիքով (ով Եվրոպական խորհրդարան է ընտրվել նախկին պատգամավոր Անտոնիո դի Պիետրոյի փոխարեն) ընթացել են «ազատ, արդար եւ թափանցիկ»:

 

Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական առաքելությունը, որը գլխավորում էր Թանա դե Զուլուետան, ներկայացրել է տրամագծորեն հակառակ զեկույց: Այդ զեկույցում առանձնացվում են լայնամասշտաբ ընտրակեղծիքների եւ տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունների թիրախը հանդիսացող վարչախմբի համար բնորոշ այլ գործողությունների մասին փաստերը, մի ռեժիմի, որը համակարգված կերպով ոտնահարում է մարդու իրավունքները եւ ամենատարրական քաղաքացիական ազատությունները:

 

Եվրոպական խորհրդարանը լսեց Պինո Արլակկիին փակ դռների ետեւում անցկացված հանդիպման ժամանակ, որտեղ նրան հարցրեցին, թե ինչու է ընտրություններին մասնակցած իր դիտորդական առաքելության զեկույցը այդնքան տարբերվում ԵԱՀԿ ներկայացրած տվյալների համեմատ: Պատգամավորը պատասխանեց, որ դա արվել է տարածաշրջանում Իտալիայի շահերը «պաշտպանելու» նպատակով: Ադրբեջանը գտնվում է նավթի եւ գազի պաշարներով հարուստ ծովափին եւ հանդիսանում է միջազգային էներգետիկ շուկայի հիմնական խաչմերուկներից մեկը:

 

Իտալական ENI ընկերությանն է պատկանում 2006-ին գործարկված Բաքու-Ջեյհան նավթամուղի կոնսորցիումի 5%-ը, ինչը հնարավորություն է տալիս Կասպից ծովից նավթը հասցնել մինչեւ Միջերկրական ծով՝ առանց Բոսֆորի նեղուցով անցնող նավթային տանկերների հետ խաչվելու: Իր ամբողջ հզորության ծավալով այս նավթամուղը կարող է օրական տեղափոխել մինչեւ մեկ միլլիոն բարել նավթ, ինչի մոտ 50.000 բարելը ENI—ի վերահսկողության տակ է:

 

Ավելին, 2007թ իտալական «Saipem» ընկերությունը ավարտին հասցրեց հում նավթի արդյունահանման վեց նոր պլատֆորմների եւ արտադրության համար եւս երկուս պլատֆորմի շինարարությունը: 2008-ին «Saipem» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Բրիթիշ Փեթրոլիումի հետ եւ ստանձնեց ստորջրյա կայանների եւ պլատֆորմների պահպանման եւ սպասարկման գործառույթները: Միեւնույն ժամանակ, նույն իտալական ընկերությունը 2011-ին Ադրբեջանում ստորագրեց եւս երկու պայմանագիր նոր օֆշորային շրջաններում նոր մոդելի նավթաարդյունաբերական ինժեներական կառույցներ նախագծելու եւ իրականացնելու համար:

 

Ներկայումս, սակայն, իտալական այս շահերը Ադրբեջանում սպառնալիքի տակ չեն: 2013թ օգոստոսի 11-ին Բաքու կատարած իր վերջին այցելության ընթացքում վարչապետ Էնրիկո Լետտան ընդգծել էր Ադրբեջանի իշխանությունների հետ «ընդհանուր շահերի» վրա հիմնված լավ հարաբերությունների առկայությունը, որտեղ Տրանս-Ադրիատիկ գազամուղը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իտալիայի համար: Վարչապետ Լետտայի կարծիքով, Տրանս-Ադրիատիկ գազամուղի նախագիծը ավելի զորեղ կդարձնի ԵՄ հետ հարաբերությունները՝ նկատի ունենալով նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովը:

 

Կարծ ասած, պարզ չէ, թե ինչու էր Արլակկին ցանկացել պաշտպանել «ընդհանուր շահերը», որոնց ներկա պահին ոչինչ չի սպառնում: Եվ որ ավելի կարեւոր է, ինչպես կարող է նման պաշտպանությունը արդյունավետ լինել մի ժողովրդավարության ճանաչմամբ, որը իրականության մեջ գոյություն չունի: Ժողովրդավարության ինդեքսի մակարդակի վերաբերյալ Էկոնոմիստ ամսագրի ներկայացրած 2012թ տվյալների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է «ավտորիտար ռեժիմ», որը 139-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում տնտեսական եւ քաղաքական ազատությունների առումով, ինչը զգալի ցածր է ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգոլան, Սվազիլենդը, Բուրկինա Ֆասոն եւ Կուբան:

 

Բրյուսելի (իմա՝ Եվրոպական) խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարի դիրքի չարաշահումը ոչ միայն անհարմար իրավիճակ է ստեղծել իտալացիների շրջանում, բայց նաեւ, եւ հատկապես, ԵՄ այս մարմնի ղեկավարների մոտ, ովքեր միշտ շատ «թափանցիկ» կերպով են ներկայացրել իրենց վերաբերմունքը Ալիեւի վարչախմբի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում է Ադրբեջանը՝ հորից որդուն փոխանցելով արքայական գավազանը: Ի հավելումն սրա, այս տարի հունիսին Եվրոպական խորհրդարանը մի բանաձեւ էր ընդունել՝ «լուրջ մտահոգություններ» արտահայտելով միջազգային իրավապաշտպան կազմակարպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված զեկույցների առնչությամբ, որտեղ նաեւ նշվել էին լրագրողների եւ քաղաքական ակտիվիստների բանտարկությունների փաստերը:

 

Նույն բանաձեւում Եվրոպական խորհրդարանը դատապարտել էր ադրբեջանական վարչախմբի մասին քննադատություն արտահայտած ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումները եւ նրանց ահաբեկումը ու պահանջել էր Ադրբեջանի իշխանություններից հավատարիմ մնալ մամուլի եւ խոսքի ազատության միջազգային չափանիշերին:

 

Եվրոպայի Կանաչները պատրաստ են մարտի: Նրանց առաջնորդը՝ Ուլրիկե Լունաչեկը ծաղրող բառերով էր խոսել Արլակկիի գլխավորած խմբի մասին.

 

«Եվրոպական խորհրդարանի առաքելության զեկույցը եւ նրանց ներկայացրած արդյունքները ամոթալի են եւ օգոստոսի 28-ից երկրում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ բազում այլ տեղական առաքելությունների գնահատականների հետ սուր հակադրության մեջ են: ԵԽ զեկույցը չի մատնանշում ընտրությունների այն հեղձուցիչ միջավայրը, որը ներառել է մարդու իրավունքների ոտնահարման լավ փաստագրված դեպքեր, քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումներ եւ հիմնարար ժողովրդավարական սկզբունքների սահմանափակումներ: Կանաչների եւ Եվրոպայի ազատ ալյանսի խումբը չի պաշտպանում այն հայտարարությունը, որը ներկայացրել է ԵԽ առաքելությունը, եւ արդեն խնդրել է հանդիպում կազմակերպել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Թանա դե Զուլուետայի հետ»:

 

Եվրոպական խորհրդարանում Կանաչների խմբակցությունը մերժել է Պինո Արլակկիի առաքելության զեկույցը եւ պարզաբանումներ է խնդրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, քանզի նման բան երբեք չէր պատահել Բրյուսելում: Այն, ինչ կատարվել է, նաեւ ծանր հետք է թողնում Սախարովի անվան մրցանակի վրա, որը ամեն տարի հանձնվում է մի անհատի, ով աշխարհում քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների համար մղվող պայքարում հաջողությունների է հասել: «Սախարովը» Մարդու Իրավունքների ճանաչման միակ մրցանակն է ամբողջ աշխարհում (ինչպես Նոբելյանը՝ Խաղաղության համար): Եվրոպական խորհրդարանը միանշանակորեն չի կարող վստահության քվե տալ մի ավտորիտար վարչակարգի, ինչպիսին Ադրբեջանն է, եւ հետո մրցանակ շնորհել նրանց, ովքեր, հնարավոր է, իրենց կյանքը եւ ազատությունը զոհասեղանին դնելով պայքարել են այդպիսի ռեժիմի դեմ:

 

Բայց այդ ինչպե՞ս է Պինո Արլակկին ժողովրդավարություն տեսել մի տեղ, որտեղ դա իրոք անհնարին է գտնել: Համաձայն Reporters Without Borders, Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների կողմից հրապարակված բազմաթիվ զեկույցների՝ Ադրբեջանը 2013-ին ցուցակի վերջից 5-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում մամուլի ազատության մասով: Գլխավոր հարցը դեռեւս մնում է անպատասխան, բայց սա առաջին անգամը չէ, որ ներկայումս ԵԽ պատգամավոր Արլակկին հայտնվում է «բամբասանքի» մեջ:

 

2001-ին նա չվերանշանակվեց Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործակալության տնօրենի պաշտոնում, երբ Դանիելե Կապեցոնեն (Daniele Capezzone) եւ Մաուրիցիո Տուրկոն (Maurizio Turco), ով այդ ժամանակ գլխավորում էր իտալական ռադիկալների խումբը Եվրոպական խորհրդարանում, մեղադրեցին Արլակկիին “Աֆղանստանում, որտեղ Ուսամա բեն Լադենը կացարան եւ հյուրընկալություն է գտել, Թալիբան շարժմանը աջակցելու եւ լեգիտիմացնելու համար”: Նրանք նաեւ բարձրաձայնել էին կասկածներ հարուցող մի որոշման մասին, որով Պինո Արլակկիի գլխավորած գործակալությունը $15 գումար էր տրամադրել Լաոսին, գումարած եւս $35 տրամադրվելու էր գալիք տարիներին: Լաոսը աշխարհում օփիում տեսակի թմրամիջոցի երեք ամենախոշոր արտադրող երկրներից մեկն է հանդիսանում, եւ բացի դրանից նաեւ հանդիսանում է կոմունիստական երկիր, որտեղ քաղաքացիական իրավունքները եւ անհատների ազատությունները չափազանց սահմանափակված են:

 

Այդ ժամանակ «էլեգանտ» ձեւով Արլակիի գլխին ՄԱԿ-ից կոշիկ են նետում: ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի այդ որոշումը ընդունվում է ՄԱԿ Ներքին գործընթացների վերահսկողության գրասենյակի պատրաստած զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, որտեղ Վիեննայում գտնվող թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության աշխատանքում Արլակկիի կողմից «կենտրոնացված եւ կամայական ձեւով» աշխատանքը համարվել էր «ուժեղ մտահոգություն» առաջացնող:

 

Համաձայն ՄԱԿ վերահսկողական գործակալության անցկացրած հետաքննության, Արլակիի տնօրինությունը «չի երաշխավորում կոլեկտիվ որոշումների ընդունման մեխանիզմներ» եւ չունի «միջազգային ծրագրերի մշտադիտարկման համակարգ», մինչդեռ բոլոր ադմինիստրատիվ որոշումները կենտրոնացված են տնօրենի ձեռքերում: Ի հավելումն, զեկույցը նշում էր, «աշխատակազմի բարոյական վիճակը» Արլակկիի ղեկավարության ժամանակ գտնվում է «շատ ցածր» վիճակում, իսկ հուսահատ վիճակը «կառավարչական որոշումների կայացման թափանցիկության պակասի» արդյունք է:

 

Նշված զեկույցի վերջում, ՄԱԿ վերահսկողական գործակալությունը եկեր էր եզրակացության, որ «այդպիսի իրավիճակը Վիեննայի գրասենյակում անթույլատրելի է, իսկ ղեկավարն իր աշխատանքը չի կարող շարունակել»: Մյուս կողմից, այն ժամանակ Քոֆի Աննանը ցանկացել էր խուսափել սկանդալից եւ չէր ազատել աշխատանքից Արլակկիին, ով այդ ժամանակ իր պաշտոնավարման ավարտին էր մոտենում, փոխարենը նախընտրել էր «դադարեցնել» նրա լիազորությունները մինչեւ պաշտոնավարման ավարտը, ինչով եւ նրան ոսկե թոշակի հնարավորություն էր ապահովել:

 

ՄԱԿ-ում աշխատելու փորձը ոչ մի լավ բանով չի ավարտվում եւ Պինո Արլակկին միջազգային հանրություն է վերադառնում Եվրոպական խորհրդարանի ընձեռած հնարավորությամբ եւ 2009-ին իր թեկնածությունն է առաջադրում Անտոնիո դի Պիետրոյի գլխավորած Italia dei Valori նախընտրական պլատֆորմի միջոցով: Հետո, մեկ տարի անց նա որոշում է անցնել Դեմոկրատական կուսակցության շարքերը եւ միանում է Սոցիալիստներին, ովքեր այսօր երես են թեքել նրանից՝ Ադրբեջանի վարչախմբի վերաբերյալ «մոլորեցնող» հայտարարությունից հետո:

 

Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդայի տարածած հայտարարությունը Արլակկիի համար հավասար է կարգալույծ լինելուն: «Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցությունը», - ասում է Սվոբոդան իր հայտարարության մեջ, - «տարանջատում է իրեն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում ԵԽ/ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների եզրակացություններից: Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցությունը այն կարիծիքին է, որ ԵԽ/ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականների տարբերությունները այնքան ակնառու են, որ ԵԽ/ԵԽԽՎ գրանցած արդյունքները հնարավոր չէ հաստատել, քանի որ դրանք հիմնված են միայն իրավիճակի առանձին, կարճաժամկետ գնահատականների վրա», - շարունակում է Սվոբոդան:

 

«Մենք գալիս ենք այս եզրակացությանը՝ հիմնվելով երկարաժամկետ զարգացումների եւ հատկապես ընտրություններին նախորդող իրավիճակի վրա. առկա են եղել հավաքների եւ խոսքի ազատության խիստ սահմանափակումներ: Ադրբեջանում տասնյակ ակտիվիստներ եւ լրագրողներ, ներառյալ նախագահական մի թեկնածու, ապօրինի բանտարկված են քաղաքական բնույթի իրենց գործունեության համար», - կարդում ենք նույն հայտարարության տեքստում: Սոցիալիստների ղեկավարի եզրակացությունը ընկրնեկու տեղ չի թողնում Արլակկիին եւ նրա տղաներին. «Ցավում եմ, որ որոշ ԵԽ պատգամավորներ առանց ինստիտուցիոնալ մանդատի զուգահեռաբար անձնական բնույթի առաքելություններ են իրականացրել»: Ապա Սվոբոդան հիշեցնում է, որ «Հունիս ամսին Եվրոպական խորհրդարանը քննադատական մի բանաձեւ էր ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի առնչությամբ: Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցությունը այն կարծիքին է, որ այդ բանաձեւը ճշգրիտ կերպով արտահայտում է (այս խորհրդարանի) պաշտոնական դիրքորոշումը»:

Նախկինում ՄԱԿ-ում, եւ հետո Եվրոպական խորհրդարանում արդեն երկրորդ անգամ Պինո Արլակկին հայտնվել է դժվար կացության մեջ, բայց այս անգամ մեզանից շատերը ցանկանում են ավելի հեռուն գնալ եւ հասկանալ նման անըմբռնելի դիրքորոշման պատճառները:

 

Էկոնոմիստ Խմբի կողմից 1995-ին հիմնադրված «European Voice» թերթը, որը հետեւում է ԵՄ բոլոր հիմնական ինստիտուտների աշխատանքներին, փորձ է անում հասկանալ այս առեղծվածը: Խիստ բառերով լի իր խմբագրականում, «European Voice»-ը հարցականի տակ է դնում Ադրբեջանում Արլակկիի խորհրդարանական խմբի (Ֆիլիպ Կաչմարեկ, Լեհաստան, EPP; Յոախիմ Զելլներ, Գերմանիա, EPP; Եվգենի Կիրիլով, Բուլղարիա, S&D; Նորիցա Նիկոլայի, Ռումինիա, ALDE; Միլան Գաբռնոխ, Չեխիա, Եվրոպական պահպանողականներ եւ բարեփոխիչներ; Ֆիորելլո Պրովերա, Իտալիա, Ազատության եւ ժողովրդավարության Եվրոպա) իրական առաքելությունը եւ պնդում, որ «ինչպես այդ տարածաշրջանում շատ այլ ավտորիտար վարչախմբեր, նախագահ Իլհամ Ալիեւի կողմից առաջնորդվող այս մեկը նույնպես գտնվում է իր միջազգային լեգիտիմության փնտրտուքի մեջ, իր շինծու ընտրություններին իբրեւ դիտորդներ հրավիրում է ռեժիմին մոտ կանգնած մարդկանց, որպեսզի նրանք ինչ որ դրական բաներ ասեն»:

 

«Այսպիսի դիտորդները», - շարունակում է «European Voice»-ը, - «կարող են շահագրգռված լինել տարատեսակ շահերով՝ քաղաքական կամ տնտեսական բնույթի, կամ նույնիսկ հարգանքի արժանացած լինեն տարբեր նվերներով, ինչպիսին է, օրինակ, ադրբեջանական հայտնի խավիարը», ինչը մեծ ծավալներով բաժանվում է Բրյուսելում: Կարճ ասած, թերթը մանրուքների հետեւեից չի ընկնում եւ բացեիբաց կոռուպցիայի մեղադրանքներ է առաջ քաշում՝ առանց ավելի կոնկրետ փաստեր վկայակոչելու: Եվրոպական խորհրդարանը շփոթմունքի մեջ է եւ իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա օրերին կհավաքվի Արլակկիի եւ մյուս վեց անդամների նկատմամաբ կարգապահական տույժ նշանակելու հարցով քննարկումներ սկսելու համար:

 

Մինչ այդ, ԵԱՀԿ շարունակում է տվյալներ տրամադրել Ադրբեջանում անցած ընտրությունների վերաբերյալ. մոտ 1,800,000 ընտրողներ ավելի, քան գրանցված էին, եւ այն «հետաքրքիր» բջջային հավելվածը, որը ընտրությունների արդյունքները ցուցադրեց լրագրողներին եւ դիտորդներին՝ ընտրատեղամասերի բացվելուն նախորդող օրը: Եվ սա դեռ ոչինչ է, եթե համեմատենք մնացածի հետ: Իհարկե, այս ընտրությունները «ազատ, արդար եւ թափանցիկ» որակելու համար շատ լավ երեւակայություն է հարկավոր:

 

Թարգմանությունը տրամադրել է Times.am-ի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее