Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի նկատվող սրացումները ցույց են տալիս, որ մայիսի առաջին տասնօրյակում, Հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակի օրերին, արտերկրի վերլուծական ու քաղաքական շրջանակներից հնչող մեկնաբանություններն իրականում քիչ առնչություն ունեին այն վտանգավոր իրավիճակի հետ, ինչն իրականում առկա է տարածաշրջանում:
Բոլորը խոսում են հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, միջնորդները ներկայացնում իրենց տեսլականը, հիշեցնում ու մեկնաբանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված սկզբունքներն ու էլեմենտները, սակայն մեկ կարևոր գործոնի մասին կամ խոսվում է հպանցիկ կամ երկրորդական կարգավիճակ է տրվում:
Խոսքը առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված քայլերի կամ որ ավելի ճիշտ կլինի ասել` դրանց բացակայության մասին է:
Մայիսի առաջին տասնօրյակում, միջազգային հանրության` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերված ընդգծված ակտիվությանը հետևած «սահմանային ակտիվացումները» ցույց տվեցին, որ միջնորդների ուղերձները ոչ միայն չունեին զսպող գործառույթ, այլ ըստ էության, առաջնագծում նոր թափ հաղորդեցին ադրբեջանական գործողություններին:
Ադրբեջանն իրեն ուղղված մեսիջներն ընդունել է ի գիտություն, իսկ դա նշանակում է, որ սահմանագծին ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները կակտիվանան` դիվերսիոն գործողությունները կշարունակվեն, իսկ դիպուկահարն էլ, ամեն դեպքում, «անգործ» չեն մնա:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը միջնորդների` դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման գաղափարը, վերջնականապես ուղարկել է «պատմության աղբարկղը»:
Միջնորդները հաճախ են օգտագործում «վստահության վերականգնման անհրաժեշտություն» ձևակերպումը, որը սակայն ադրբեջանական կողմից շարունակվող սադրանքների ու դրան միջազգային հանրության կողմից ոչ ադեկվատ արձագանքի պայմաններում արժեզրկվել է:
Ադրբեջանի նպատակը` «զոհ»-ի կարգավիճակով ներկայացնելու միջազգային հանրությանը, կարծես թե, տալիս է իր պտուղները, իսկ դա պաշտոնական Բաքվին հնարավորություն է տալիս լեգիտիմացնելու իր գործողություններն առաջնագծում:
Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ապավինի սեփական ուժերին` առաջնագծում առաջ քաշելով այնպիսի ինժեներական լուծումներ, որի պայմաններում հնարավոր կլինի արդյունավետ հետ մղել (կանխարգելել) հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերին:
Հակադիվերսիոն ու հակադիպուկահար միջոցառումների իրականացումն ու կատարելագործումը, ինչպես նաև` առաջնագիծը ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրումն անհրաժեշտություն է:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան