Ականի վրա պայթած հայ տղամարդը ոչ թե անհետ կորած զինծառայողի ծնող կամ հարազատ էր, այլ փրկարարներին ուղեկցող:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ Սարսադարյան Նորայրը լավ ծանոթ էր տեղանքին:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում՝ Մարտունիում, առաջին օգնությունը, ով է ցուցաբերել հայ տղամարդուն, նա պատասխանել է. «Նրան սկզբում առաջին օգնություն են ցուցաբերել մեր փրկարարները, հետո արդեն ռուս խաղաղապահները: Ադրբեջանցիներն էլ իրենց գովազդի և տեսանյութում երևալու համար ձևացրել են, իբրև, օգնում են»,- նշել է Հունան Թադևոսյանը:
«Նրան տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, հեռացրել են ոտքի վնասված հատվածը, հիմա վիճակը կայուն է»,- ընդգծել է խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում էր տարածվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են պատգարակով տեղափոխում Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում, ականի վրա պայթած հայ տղամարդուն, որը իրականացնում էր որոնողական աշխատանքներ:


