▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կակտիվացնի հակահայկական քարոզչությունը

2001  թվականին  ՄԱԿ-ի Գլխավոր  ասամբլեան  հունիսի 20-ը  հռչակել է  փախստականների  միջազգային  օր:

«2014 թվականի վերջի տվյալներով փախստականների թիվը մոտ 60 միլիոն է: Աշխարհում ամեն մի 122-րդ  անձ  փախստական է»-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման  ժամանակ  ասաց «Ընդդեմ  իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ  մարդու  իրավունքների  նախկին  պաշտպան  Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին և ծանր վիճակում հայտնված սիրիահայերի խնդրին՝ «Ընդդեմ  իրավական կամայականությունների»  ՀԿ նախագահը   նկատեց.

«Արաբական երկրներում բիզնես մթնոլորտը խաղաղ ժամանակ շատ բարենպաստ է, և անձը, որ գործել է նման պայմաններում, գալով Հայաստան՝  տհաճ իրավիճակում է հայտնվում: Սիրիահայերի անգամ այն չնչին տոկոսը, որը Հայաստան է գալիս, խոսում է այն մասին, որ դեռ հեռու են այն պայմանները, որով Հայաստանը կարող է ապահովել նրանց: Առայժմ մենք այն երկիրը չենք, որը կարող է մեծ թվով փախստականների ընդունել »:

Լարիսա Ալավերդյանն անդրդարձավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած և ՄԻԵԴ դիմած երկու հայցերով կայացրած վճիռներին, համաձայն որոնց «Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ-ը պատասխանող երկրներից պահանջել է վերականգնել փախստական քաղաքացիների խախտված իրավունքները:

«Այս հարցը նոր փուլ է մտել, ուստի պետք է կարողանանք ցույց տալ խորքային այնպիսի հանգամանքներ, որոնք հաշվի չեն առնվել դատարանի կողմից: Օրինակ այն, թե ի՞նչ պարագայում են տեղի ունեցել դեպքերը»:

Բանախոսի կարծիքով Ադրբեջանն օգտվելու է այս վճիռներից՝ նոր հակահայկական քարոզչությունն ակտիվացնելու, այլ հարցեր բարձրացնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների աշխատանքը կասկածի տակ դնելու համար:

«Օգտվելու է վճիռներից՝ անարդար պտուղներ քաղելու համար»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Մինաս Սարգսյանը Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ է, նա ՄԻԵԴ էր դիմել 2006 թվականին։ Գործի քննության ընթացքում Սարգսյանը մահացել է, և գործին հետևում են նրա կինը և զավակները։ Սարգսյանի պահանջը կապված էր իր գույքի տիրապետման իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրական վերաբերմունք դրսևորելու, Ադրբեջանում հայկական գերեզմանները ոչնչացնելու և հայերին իրավական պաշտպանությունից զրկելու հետ։ ՄԻԵԴ֊ի որոշման համաձայն, հայ փախստականի իրավունքը խախտվել է՝ Ադրբեջանում իր սեփականությանը հասնելու անհնարինության պատճառով, ինչը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ «Չիրաղովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Լաչինի շրջանի նախկին բնակիչներ Էլհան և Ադշիրին Չիրաղովները, Ռամիզ Ջաբրայիլովը ընդդեմ Հայաստանի հայց են ներկայացրել՝ նշելով, թե ղարաբաղյան հակամարտության ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 17-ին, լքել են Լաչինի շրջանը: Հայցում նրանք նույնպես նշել էին, որ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց բնակավայր, տնօրինել իրենց պատկանող գույքը, որի համար էլ Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում էին պահանջում։ ՄԻԵԴ-ը բավարարել է նրանց հայցը՝ նշելով, որ տվյալ դեպքում էլ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության հասնելու արդյունավետ միջոցի իրավունքները։ ՄԻԵԴ֊ը փոխհատուցման հարցի մասին որոշում չի կայացրել՝ կողմերին 12 ամիս ժամանակ տալով խնդրի շուրջ համաձայնության գալու համար։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее