▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պատերազմ սկսելու ազատությունը չունի. Կոմանդոս

Սահմանային վերջին իրադարձությունների՝ Քարվաճառի դիվերսիայի, դրան հաջորդած տրամադրությունների, Ադրբեջանի մարտավարության, միջազգային հանրության անտարբերության և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ:

-Պարոն գեներալ, մայրաքաղաքի բնակիչների համար խաղաղությունն ավելի շոշափելի է, և երբեմն դժվար է պատկերացնել, որ  ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ է, իսկ  սահմաններում մշտապես առկա է լարվածություն: Մշտական լարվածության ֆոնին, սակայն, երբեմն ինչ-ինչ հանգամանքներով պայմանվորված՝ թշնամին ակնհայտ ակտիվություն է դրսևորում, երբեմն էլ հարաբերական դադար է: Վերջին ակտիվացումն, անշուշտ, տարբերվեց իր բնույթով… Ի՞նչ էր ուզում Ադրբեջանը հասկացնել այս անգամ և ինչի՞ հասավ:

- Նախ՝ մենք պետք է մշտապես  պատրաստ լինենք  ու գիտակցենք, որ այս պարագայում ոչինչ նույն կերպ լինել չի կարող: Այսինքն՝ ինչ  եղել է երեկ, նույնությամբ չի կարող կրկնվել այսօր: Պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի: Ադրբեջանն իր ռազմատենչ ու սադրիչ հայտարարություններն ու գործողություններն ավելի մեծ ծավալի է  հասցնում, քանի որ պետք է ցույց տա, որ խոսքի տերն է.  ուզում է հարձակվել Հայաստանի վրա և հաղթել պատերազմում: Սակայն գաղտնիք չէ, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի և չի կարող սկսել: Իսկ մեր բանակի գնահատականը տալիս են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, անգամ Թուրքիայի մասնագետները: Ադրբեջանն այս պահին չի կարող մեր դեմ դուրս գալ: Ավելի պարզ խոսենք. եթե ցանկանային պատերազմ  սկսել, կարող էին դա անել դիցուք՝ հուլիսի 1-ին: Հնարավորություն ունեին: Նախիջևանում  հայկական ուժերի աննախադեպ հաջողություններից հետո կարող էին պատճառաբանել, որ պատասխան են տալիս: Փոխարենը՝ երեք օր բերանները փակ էր, հետո էլ հայտարարեցին, թե այդպիսի բան չի եղել:

Ադրբեջանը հիմնականում երկու նպատակ ունի. առաջին՝  ապացուցել, որ պատսրատ են պատերազմի և ցանկանում են ռազմական գործողություններ սկսել:

Ադրբեջանի մարտական հենակետերում կանգնած զինվորները՝ հատկապես ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, պատերազմ չեն ցանկանում: Նրանք ընդամենը հրաման են կատարում: Պատերազմ ցանկանում է միայն Ալիևի կլանը: Եվ ահա երկրորդ նպատակը՝ հենց իրենց զինվորներին  ապացուցելն է, որ թիկունքից հետևում են,  և եթե իրենց  պարտականությունը չկատարեն, հաշվեհարդար կտեսնեն:

Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է ցույց տալ, որ ուժեղ են, որ  զինվորները պատրաստ կանգնած սպասում են,  թե երբ պետք է հարձակվեն: Սակայն այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Պատերազմ սկսելը հեշտ չէ: Մենք գոնե ազատություն ունենք: Ադրբեջանն այդ ազատությունը չունի, քանի որ այն վաճառել է  մեծ գումարների դիմաց: Բոլորիս է հայտնի, որ ադրբեջանական նավթի 80-90 տոկոսն իրենցը չէ, և խոշոր տերությունները պարզապես թույլ չեն տա ներգրավվել ռազմական գործողությունների մեջ և վնասել նավթահորերը: Սակայն, ամեն դեպքում՝ մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի սադրանքներին և հիշենք՝ Թուրքիան այս հարցում Ադրբեջանի «դասախոսն» է: Թուրքիան մի կողմից աղավնու դեր է ստանձնել. Հայաստանի հետ լավ հարաբերություններ, սահման բացել և այլն, մյուս կողմից էլ  Ադրբեջանին ձեռքի տակի շուն դարձրած վարժեցնում է:

-Քարվաճառի դեպքերից հետո, որքան էլ ցավալի է, հասարակության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացան: Որոշ փորձագետներ, սակայն, պնդում են, որ Քարվաճառի դիվերսիան իր բնույթով այնքան վտանգավոր չէր, որ խուճապի տեղիք տար, և  որ եղել են ավելի վտանգավոր իրավիճակներ…

- Վերջին դիվերսիայից հետո հասարակությունը,  պաշտոնական աղբյուրներն անտեսելով  ականջալուր եղավ տարբեր խոսակցությունների, ինչն էլ խուճապի առիթ դարձավ: Դատելով արտաքինից՝  նշում էին, որ դրանք դիվերսանտներ չեն: Ներկայացնում էին այնպես,  որ իբր կրկնում ենք Ադրբեջանին. նրանք էլ մեր 70-ամյա պապիկին էին դիվերսանտ ներկայացնում: Չի կարելի այդպես, սա, իհարկե, մտահոգիչ է: Հայկական կողմը  ճիշտ էր կազմակերպել բոլոր  գործողությունները: Ես այդ ժամանակ Քարվաճառով էի անցնում և տեսել եմ: Իսկ  որոշ շրջանակներ առանց ստույգ վերլուծությունների խուճապ  էին տարածում, թե դիվերսանտները հասել են Գորիս ու Վարդենիս:

-Պարոն գեներալ, միջազգային հանրությունն, ինչպես և սպասելի էր, կրկին անտարբեր էր: Դատապարտող  ու առհասարակ գոնե սովորական դարձած անհասցե  հայտարարություն այդպես էլ  չհնչեց:


-Իրենք չեն ցանկանում միջամտել: Չեն կարող ճիշտ գնահատական տալ իրավիճակին և դատապարտել Ադրբեջանին: Զուտ մարդկայնորեն եթե մտածենք, մարդիկ հատել են սահմանը, սպանել են մայորին, 17-ամյա տղային, վիրավորել մի քաղաքացու և գոնե այդ առումով պետք է արձագանք լիներ: Սակայն երևում է՝ Ադրբեջանն իր դիվանագիտությամբ և Թուրքիայի օգնությամբ հասնում է այն իրավիճակին, ինչ ունենք:  

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 Կարող եք նաև կարդալ՝

Ադրբեջանի նպատակն էր ցույց տալ, որ կարող է իր մարդասպանին հերոսացնել, մեր հերոսին կալանավորել

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее