Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն արդյունք չի տալիս` այն որակելով որպես «մահացած» խումբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե որն է խմբի առաքելությունը և ինչ ակնկալիքներ ունի դրանից ադրբեջանական կողմը:
ԵԱՀԿ Մինսկի խումբն իր առջև երկու հիմնական խնդիր է դրել` կողմերի համար փոխընդունելի լուծում գտնել (գերխնդիր) և ամեն գնով կանխել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը (ընթացիկ):
1994 թվականին, Արցախի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պայմանագրից (դրան միացել է նաև Հայաստանը) 20 տարի է անցել ու չնայած ժամանակ առ ժամանակ, սահմանագծի տարբեր հատվածներում սահմանային միջադեպեր են արձանագրվում (դիվերսիոն գործողությունների, դիպուկահար խմբերի ակտիվացման, խոշոր տրամաչափի զենքերով կրակահերթերի տեսքով), հաջողվում է զերծ մնալ ռազմական գործողությունների վերսկսումից:
Ռազմական գործողությունների վերսկման կանխումը պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման գործոնով, այլ միջնորդ երկրների հսկայական ջանքերով:
Այս տեսանկյունից կարող ենք նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր առջև դրված նվազագույն խնդիրը կատարում է` մեծ ներդրում ունենալով տարածաշրջանում հարաբերական խաղաղության ու կայունության պահպանման հարցում:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ապա հասկանալի է, որ այն բավականին բարդ ու ժամանակ պահանջող պրոցես է ու դժվար է 20-ամյա ժամկետում դրա չկարգավորումը բարդել միայն համանախագահների վրա:
Սպասելիքների ու ակնկալիքների առումով այլ է իրավիճակը Բաքվում. այնտեղ միջնորդական առաքելություն իրականացնող դիվանագետներից ակնկալում են արագ և ամենակարևորը` Ադրբեջանի շահերին 100% համապատասխանող լուծում: Ավելին, մի քանի օր առաջ, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ 2013 թվականի նոյեմբերի 19-ին, Վիեննայում` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի նախագահի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել:
ԱԳ նախարարն իր ղեկավարին փորձում է ներկայացնել որպես սկզբունքային գործիչ, սակայն իր հայտարարությամբ միաժամանակ տալիս այն հարցի պատասխանը, թե ինչու Վիեննայի հանդիպումից հետո, երբ թվում էր, որ կողմերը առավել պատրաստակամ են թափ հաղորդելու կարգավորման գործընթացին, հանկարծ հայտնվեցին ակտից սադրանքների շրջափուլում:
Ստացվում է` Ադրբեջանի նախագահն իսկզբանե ազնիվ չէր, երբ Վիեննայի հանդիպումից հետո ասում էր, թե լավատեսական հույսեր կա պնդելու, որ առաջիկայում բարձր մակարդակով հանդիպումներն առավել հաճախակի բնույթ կկրեն, իսկ իրենք պատրաստ են առավել ակտիվ ջանքեր ներդնեն` խնդրի կարգավորման ուղիների փնտրտուքի հարցում:
Իրականում Վիեննայի հանդիպումից հետո նրա մոտ ոչինչ չէր փոխվել, ինչը նշանակում է, որ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի դրսևորած ապակառուցողական մոտեցումները ուժի մեջ են, իսկ հնարավոր սադրանքներն առաջնագծում` սպասելի:
Դա նշանակում է, որ գործընթացի այս շրջափուլում լավատեսության ակնկալիքներն արդարացված չեն, իսկ Ադրբեջանն այս ամենին զուգահեռ անընդհատ կփորձի ճնշումներ գործադրել միջնորդների նկատմամբ` վերջիններիս մեղադրելով անարդյունավետության մեջ:
Ադրբեջանն անցավ ճնշումների
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet