ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման հարցը, որը հավանություն է ստացել կառավարության կողմից, խորհրդարանի «պատերի ներսում» լարված իրավիճակ է ստեղծել: Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին տրվում է հետրյալ լիազորությունը. «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների և/կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ մինչև նշանակման երկիր մեկնելը կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ»:
Այս նախագծի հիմնական ընդդիմախոսները, հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը, նշում են, որ այս փոփոխություները հակասում են երկրի մայր օրենքին, քանի որ «երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀՀ նախագահն է»:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետում նշվում է, որ ՀՀ Նախագահը «ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը»: Ակնհայտ է, որ «Դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման կազմակերպումը» չի կարող դիտվել հակասահմանադրական հենց միայն այն առումով, որ դիվանագետների հետ քննարկումներն ու հանդիպումները ոչ մի կապ չունեն «արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման հետ»:
Վերոնշյալ փոփոխությունները չեն ենթադրում նաև հանձնաժողովի կողմից դեսպանների նշանակման կամ հետ կանչման մեխանիզմ (կամ դրա վրա ազդեցության տարածում):
Ի սկզբանե, սպասվում էր, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունների ավելացումը դրական արձագանք կունենար, քանի որ շատ երկրներում ևս այս պրակտիկան գործում է, ավելին՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու դիվանագիտական ներկայացուցչությունների հետ խորը համագործակցությունը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ քայլ է:
Եթե «հակասահմանադրականության» թեզի կողմնակիցները համարում են, որ հանձնաժողովին նման լիազորություններ տալը հակասում է Սահմանադրությամբ ՀՀ նախագահին տրված՝ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման դրույթին, ապա նույն տրամաբանությամբ ԱԳՆ-ի գոյությունը ևս «հակասահմանադրական» է:
Չնայած՝ որպես հիմնական փաստարկ նշվում է նախագծի «հակասահմանադրական լինելը», այդուհանդերձ, նկատի ունենալով ԱԺ-ի ներսում նկատվող խմորումները, ակնհայտ է, որ «հակասահմանադրականության հարցը» այսբերգի երևացող հատվածն է, քանզի խնդիրը լրիվ այլ հարթությունում է: «Լայն լիազորությունների» հարցը ԱԺ արտաքին և ինտեգրացման հարցերի հանձնաժողովների մրցակցության հարթությունում է, չնայած Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին նման լիազորություն ընձեռելն, անշուշտ, առավել տրամաբանական է (միջազգային պրակտիկայում ևս դա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշտում է):
Հ.Գ.
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե իրադարձություններն ինչ հունով կզարգանային, եթե վերոնշյալ փոփոխությունը վերաբերեր ոչ թե ԱԺ արտաքին, այլ ինտեգրացիոն հանձնաժողովին:
Ֆեյսբուք