Ազատություն ռադիոկայանի հարցին, թե Մաքսայինին միանալուց հետո, արդյո՞ք նպատակահարմար է անցկացնել մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը պատասխանել է, որ Հայաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և պարտավորություններ ունի դրա շրջանակներում:
Ինչպես երևում է թե այս և թե իր տված նախորդ հարցազրույցից՝ Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, շարունակում է տարածաշրջանն ընկալել իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների համատեքստում: Արևմուտքը Հարավային Կովկասը դիտարկում է իբրև մեկ ամբողջություն և երբեք այն չի պատրաստվում կիսել այլ գլոբալ տերության հետ: Տարածաշրջանը թեև բարդ փոխհարաբերությունների մեջ է, բայց Արևմուտքը ջանում է ապահովել գոնե ինտեգրացիոն ֆորմալ ձևաչափ, որով հնարավոր կլինի 3 երկրնեը ներքաշել վեստերնիզացիոն ծրագրերի մեջ: Եվ հիմա, հայկական մաքսային անցակետերն արդիականացվում են արևմտյան ֆինասավորմամբ և, բնականաբար, արևմտյան մոդելով: Դատելով ամերիկյան քաղաքականության ռազմավարության նրբություններից՝ պետք է ենթադրել, որ այսպիսի մոտեցմամբ այն լուծում է 2 հարց.
1. Կազմակերպա-կառուցվածքային անհամատեղելիություն. երբ հայաստանյան շուկան իր բոլոր բաղադրիչներով կտարբերվի մաքսային միության տնտեսական բաղադրիչներից
2. Փիառ-տեխնոլոգիական. երբ Մաքսայինի անդամներին (առավելապես Ռուսաստանին, ինչպես նաև՝ անուղղակիորեն Ասոցացման ու Մաքսայինի միջև ընտրություն կատարող այլ պետություններին) կցուցադրվի արևմտյան տիպի մաքսային անցակետերի տեխնիկապես գերհագեցած հնարավորություններն ու առավելությունները:
Փաստորեն, Վաշինգտոնն անթաքույց կերպով փորձում է Հայաստանի համար ստեղծել տնտեսական այնպիսի կառուցվածքային, կազմակերպական, տեխնոլոգիական համակարգ, որը բարդություններ կարող է առաջացնել տնտեսական այլ կաննոնների ու կառուցվածքների համար:
Հատկանշական է, որ Հեֆերնը շեշտեց նաև, որ Մաքսային ոլորտում դեռ բազմաթիվ մարտահրավերներ կան, և իրենք շարունակելու ենք աշխատել Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության և քաղաքացիական հասարակության հետ: Թեկուզ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, բայց, ինչպես, երևում է, տնտեսության ամենապատասխանատու ոլորտներերում լուրջ անելիքների ախորժակը Վաշինքգտոնի մոտ է: Բացի այդ՝ ամերիկացիները ցանկանում են աշխատել նաև հասարակության հետ՝ հասկանալով, որ նաև գաղափարական-մշակութային եղանակով հանրային կարծիքի ձևավորմամբ կարող են երկիրի ընթացքը նույնիսկ մեխանիկորեն ուղղել դեպի եվրոպական ինտեգրացիա: Հավելենք նաև, որ գիլյոտինի ծրագիրը նույնպես գործողության մեջ է:
Չնայած, ըստ դրա ղեկավար Եղիազարյանի՝ այն որևէ կապ չունի եվրոպականացման հետ, բայց պետք է նշել, որ այդ ծրագիրն արևմտյան ծնունդ է, ֆինանսավորվում է ԵՄ- կողմից, որը ենթադրում է օրենսդրական դաշտի, այսպես կոչված, "օպտիմալացում", ինչպիսին Եվրոպայում է:
Ինչպես երևում է, նոյեմբերը թեժ է լինելու: