«Մենք դրա վերաբերյալ ունենք պաշտոնական պարզաբանում, ավելի բան չունենք ասելու»,-այս մասին Asekose.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով՝ Ջերմուկում և հարակից Կեչուտում տեղի ունեցած միջադեպի լուրերին, ըստ որի՝ նշված տարածքում ընդհարումներ էին տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև:
Ըստ տեղեկությունների՝ նույնիսկ դանակահարության դեպք էր եղել, որի մասին ոստիկանության կողմից որևէ հաղորդագրություն չէր եղել:
Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ դեռևս ամառվանից ի վեր փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և չշահագործվող հանքում ամիսներ շարունակ դադարեցվել են շինարարական աշխատանքները: Աշխատանքից ազատվել է 1000-ից ավելի մարդ: Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները հարցերը պարզելու էին գնացել ճանապարհները փակող և աշխատանքները խոչընդոտող խմբի հետ: Արդյունքում՝ տեղի էին ունեցել բախումներ, կային տուժածներ:
Դիտարկմանը, որ կարծիքներ կան, որ ոստիկանությունը փորձում էր կոծկել միջադեպը՝ հաշվի չառնելով անգամ այն լուսանկարները, որոնք հայտնվել էին համացանցում և որոնցում ակնհայտ երևում էին արյան հետքեր, ոստիկանությունից կրկնեցին, որ արդեն անդրադարձել են տեղեկությանը՝ համապատասխան հաղորդագրություն տարածելով:

Մամուլն էր նաև արձագանքել այս թեմային՝ նշելով, որ ոստիկանությունը մերժում է քրեական գործ հարուցել, սա այն դեպքում, երբ լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։
Հավելենք, որ հրապարակախոս Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է.
«Իրավիճակ է փոխվել, չես իմանում՝ կոծկո՞ւմ են, թե՞ անգործություն է
Ուրեմն, 168․am-ը շատ կոնկրետ փաստեր ներկայացնելով ցույց է տալիս, որ հունվարի 15-ին Ջերմուկում և հարակից Կեչուտում ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Թերթի աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք էր եղել, որի մասին ոստիկանության կողմից որևէ հաղորդագրություն չէր եղել:
Սակայն ոստիկանությունը մերժում է քրեական գործի հարուցել, սա այն դեպքում, երբ լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում են ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են երևում, որոնք փորձում են կողմերին միմյանցից բաժանել։ Ոստիկանությունն իր այս հաղորդագրությամբ փորձում է «ապացուցել», թե բախում չի եղել, այնինչ մեր լուսանկարները բոլորովին հակառակն են ապացուցում»։
Ստորև ներկայացնում ենք նաև ոստիկանության պարզաբանումն այդ դեպքի առիթով.
«2019 թ. հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բնապահպան-ակտիվիստների և հանքավայրի աշխատակիցների միջև առկա է լարվածություն և հնարավոր է տեղի ունենա վիճաբանություն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին Ջերմուկում կողմերի միջև տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Միևնույն ժամանակ կողմերի միջև վիճաբանության, կռվի, կամ բժշկական կենտրոններից մարմնական վնասվածքով բուժօգնության դիմածների կամ տեղափոխվածների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունում չի ստացվել»:


