«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ, հերթական անգամ խորհրդարանի օրակարգ է մտցվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, ինչը ավելի վաղ ստացել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և կառավարության բացասական եզրակացությունը:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս նախագծի քննարկումը ընթացավ մի հարթությունում, որտեղ գերակայող էր զգացմունքայնությունն ու պոպուլիզմը, և առհասարակ, բացակայում էին մասնագիտական լուրջ հաշվարկներն ու վերլուծությունները:
Նախագծի հեղինակը` իր ելույթում տեղի տալով հույզերին ու օգտագործելով իր բառապաշարի ողջ զինանոցը, այդպես էլ չխոսեց նախագծի ընդունման նպատակահարմարության և որ պակաս կարևոր չէ, դրա հնարավոր հետևանքների մասին: Ավելին` նախագծի հեղինակը սահուն անցում կատարեց ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեկ այլ առանցքային խնդրի՝ հայ-թուրքական հարաբերություններին՝ «սպառնալով» հաջորդ անգամ անդրադառնալ նաև Թուրքիայի կողմից օկուպացված հայկական հողերի հարցին:
Ի՞նչ հավանական հետևանքների կհանգեցնի նախագծի ընդունումը. առաջին, այդ նախագծի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ համաձայնեցված ֆորմատի լքում, երկրորդ, պատերազմական գործողությունների վերսկսում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը նախապես հայտարարել է, թե Հայաստանի կողմից Արցախի դե յուրե ճանաչումն իր համար հիմք է՝ պատերազմական գործողությունները վերսկսելու համար:
Հաշվարկե՞լ են արդյոք նախագծի հեղինակներն այն հետևանքները, ի՞նչ ռեսուրսների հաշվին է Հայաստանը պատրասվում դիմակայել նախագծի ընդունման հետևանքով առաջ եկող հնարավոր մարտահրավերներին և ինչո՞ւ հենց այս պահին: Սրանք հարցեր են, որոնք չնայած իրենց կարևորությամբ առաջնային են, սակայն ոչ միայն խորհրդարանում քննարկման առարկա չդարձան, այլ առհասարակ, հնարավոր չեղավ ճշտել այս հարցերի հետ կապված նախագծի հեղինակների հիմնավորումները:
«Ժառանգությունում» ևս, ամենայն հավանականությամբ, գիտակցում են այն հնարավոր ռիսկերը, որոնք առաջ են գալու Արցախի ճանաչումից հետո, միաժամանակ վերջիններս համոզված են, որ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կմերժի բանաձևը, ինչը նրանց հնարավորություն է տալիս ամեն անգամ բարձրաձայնելու Արցախի ճանաչման հարցը՝ դրանով իսկ մանևրելու ու հարցն իրենց նեղ շահերին ծառայեցնելու համար:
Ամեն դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը, 2007 թվականից ի վեր, մշտապես հանդես է գալիս որպես Արցախի ճանաչման ջատագով ու ընտրական արշավները կառուցում հատկապես այս գաղափարի հիման վրա:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան