Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Տարեմուտի մեծ միջոցառում` դիմակահանդես:
Ամանորյա տրամադրությամբ տոնական օրը, որ դպրոցական կոլեկտիվը պարգևեց աշակերտներին, հերթականն էր Ասատուր Սարյանի ղեկավարությամբ կրթօջախում կազմակերպվող բազմաբովանդակ միջոցառումների շարքում և նախաձեռնվել էր վաղուց։

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից:
Առաջին մասը վերաբերում էր դիմակների մրցույթին: Դպրոցի բոլոր` թվով 49 դասարանների աշակերտները, դեկտեմբերի սկզբին հայտարարված ներդպրոցական մրցույթի կանոնների համաձայն, պատրաստել էին ամենատարբեր դիմակներ: Դիմակները կարող էին լինել զուտ կառնավալային, բայց ի սկզբանե նախապատվությունը տրվում էր պատմական, դիցաբանական, գրական- գեղարվեստական, ինչպես նաև բանահյուսական ժանրերին պատկանող ստեղծագործությունների կերպարներ և հերոսներ պատկերող աշխատանքներին:
Ըստ մրցույթի կարգի, խրախուսելի էին համարվելու նաև համաշխարհային և հայրենական կինոյի, թատրոնի, մուլտիպլիկացիոն /անիմացիոն/ ֆիլմերի, կոմիքսների կերպավորումները, նշանավոր դերասանների և առհասարակ մշակույթի տարբեր ասպարեզների հանրահայտ ներկայացուցիչների պատկերումները:
Միջոցառման նպատակը ավելի քան պարզ էր` դպրոցում մրցակցային մթնոլորտի ստեղծումով` նպաստել սովորողների ձեռքի աշխատանքի և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, զարգացնել կերպարներ վերարտադրելու կորողությունները, ամրապնդել նրանց ճանաչողական-իմացական գիտելիքները և, որ ամենակարևորն է, դրանով իսկ խթանել աշակերտների գեղագիտական դաստիարակությունը
Մինչ դիմակահանդեսի սկսվելը ժյուրին շրջեց դասասենյակներում, որտեղ աշակերտները ցուցադրեցին իրենց պատրաստած դիմակները:
Նույնքան հետաքրքիր էր միջոցառման երկրորդ մասը` դիմակահանդեսը, որը տեղի ունեցավ դպրոցի հրապարակում:
Հատուկ այդ նպատակով կառուցված բեմահարթակի վրա ելույթ ունեցան դպրոցի «Վիկտորիա» և «Վիվատ» պարային համույթները:Միջոցառմանը ներկաներին` արդեն դպրոցի հրապարակում խմբված դիմակավորված աշակերտներին և ուսուցիչներին տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին դպրոցի շնորհալի սաները` ներկայացնելով ամանորյա հիթային երգեր՝ տարբեր լեզուներով:
Միջոցառումը բարձր մակարդակով վարող ուսուցչուհի Աննա Նաջարյանի կողմից բեմ հրավիրված Ձմեռ պապն ու Ձյունանուշը ամանորյա մաղթանքներ հղեցին երեխաներին:
Վերջում ելույթ ունեցավ Ա. Սարյանը և շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին` Հ. Ղազարյանին, Գ. Թովմասյանին, Գ. Վանեսյանին, ուսմասվարներին, ինչպես նաև դասղեկներին և դասվարներին: Նաև չմոռացավ նշել բեմահարթակի կառուցման և ձևավորման գործում մեծ ներդրում ունեցողներին` Ռ. Անուշավանյանին, Ե. Հովսեփյանին, Մ. Մարգարյանին և Ա. Այանյանին:


