Հունիսի 8-ի երեկոյան Կենտրոն վարչական տարածքում ավազակային հարձակում է եղել: Տուժողն օտարերկրացի է եղել: Ժամը 21.30-ի սահմաններում երկու տղամարդ, որ հավանաբար իմացել են, որ տանը խոշոր գումար կա, թակել են Արգիշտիի փողոցի բնակարաններից մեկի դուռը, ատրճանակի սպառնալիքով ներս են խուժել, կապել տանտիրոջ ոտքերն ու ձեռքերը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել 90000 դոլար, 35000 դրամ և դիմել փախուստի:
![]()
Որպեսզի տանտերն արագ չարձագանքի, հանցամիտները դրսից փակել են դուռը, բանալին թողել դռան վրա:
Կանչով Արգիշտիի փողոց մեկնած քրեական հետախույզները ուսումնասիրել են բնակարանը, արձանագրել՝ տուժողին որտեղ են կապել, որտեղից են հափշտակել փողը, զրուցել օտարերկրացու հետ: Հանցագործների արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո որոնողական աշխատանք է սկսվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն Պատկանյան և Շենգավիթի 11-րդ փողոցների երկու բնակիչ, որոնցից մեկը՝ 29-ը, մյուսը՝ 22 տարեկան:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 29-ամյա տղամարդուն իրավապահները նույն օրը հայտնաբերել են Տոլստոյի փողոցում և բերման ենթարկել բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ատրճանակն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:
Նախաքննությունը շարունակվում է:


