Կայքերց մեկում նայում էի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցը ՕԵԿ-ից դուրս գալու, նրանց ընդդիմություն լինելուն հավատալու-չհավատալու, Սերժ Սարգսյանին նվիրված լինելու, ՕԵԿ-ի կողմից ԱԻՆ մի շարք աշխատակիցների կուսակցությունից հեռացնելու և նման հարցերի շուրջ:
Ինքս միշտ այն կարծիքին եմ եղել, որ Երիցյանը լավ նախարար է, նաև սկզբունքային մարդ: Անկեղծ ցավում եմ նրա համար, որ այս աստիճանի փոխվել է:
Երբ նա դարձավ ՕԵԿ-ական, ես այդ փաստին դրական չէի վերաբերում: Նախ նրա համար, որ ոստիկանությունում երկար տարիների աշխատած մարդը ինչ գործ ունի քաղաքականության մեջ: Եվ երկրորդ, երբ նախարար նշանակվեց ՕԵԿ քվոտայով, արդեն հասկանալի էր, որ կուսակցական է դարձել զուտ նախարար նշանակվելու համար:
Ինքս ՕԵԿ-ին վերաբերում եմ ոչ բացասական, ոչ դրական, ինչպես մյուս կուսակցություններին: Նրանք էլ ունեցել են թերություններ, սխալներ, ինչպես նաև լավ գործեր, ինչպես բոլորը: Սակայն ինձ դուր էր գալիս այն վերաբերմունքը, որ կար Երիցյան Արմենի նկատմամբ որպես պրոֆեսիոնալի: Այսինքն` Արթուր Բաղդասարյանն իսկապես գնահատում էր Երիցյանին: Դա ակնհայտ էր:
Նախ, բնականաբար, Բաղդասարյանի միջոցով նա դարձավ նախարար, հետո Բաղդասարյանը նրան դարձրեց կուսակցության փոխնախագահ, հետո նաև Երևան քաղաքի ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու: Բազմաթիվ անգամներ լսել եմ, թե ինչպես է Բաղդասարյանը հրապարակային Երիցյանին անվանում իր ընկերը, նաև հակառակը: Բայց արի ու տես` այս ամենը զրո նշանակություն ունի, երբ սեղանին դրվում է պաշտոնի հարցը:
Անկեղծ ասած, նման արատավոր գործելաոճ առհասարակ ցուցաբերում են շատերը` պաշտոնը գերադասում են սկզբունքներից, ընկերությունից, անցած ճանապարհից:
Ինչևէ քարը գլուխը, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Բայց, կարծում եմ, տարրական էթիկա պետք է ցուցաբերել ու գոնե լռել` չասել թե ես ինձ ընդդիմություն չեմ պատկերացնում: Այսինքն` քեզ նախարար պատկերացնում ես, ընդդիմություն չես պատկերացնում: Չասել` Սերժ Սարգսյանին եմ նվիրված եղել ու կամ: Արդեն նախարար ես Երիցյան, եթե դա չասես էլ, քեզ գործից չեն հանի: Չասել, թե ժամանակը ցույց կտա` ՕԵԿ-ը իսկապես ընդդիմություն է, թե ոչ: Վստահ եմ, եթե իսկապես ընդդիմություն չլիներ, ապա դու կմնայիր ՕԵԿ-ում: Դուք էլ հո լավ «հոտառություն» ու տեղեկատվություն ունեք:
Մի խոսքով, նայում էի հարցազրույցը ու խորացնում հիասթափությունս, ոչ թե նրա համար, որ Երիցյան Արմենը ոնց է խոսում իր նախկին կուսակցության մասին, որին մի քանի ամիս առաջ գովում էր ու հպարտանում ՕԵԿ-ական լինելու համար, այլ նրա համար եմ հիասթափվում, որ մեր կառավարության անդամների մի մասն է այդպիսին` այստեղից այնտեղից պաշտոնի համար ծլկած: Վստահ եմ, վաղն էլ, երբ իշխանությունը փոխվի այս մարդիկ ծլկելու են նաև Սերժ Սարգսյանի կողքից, որովհետև «վիդիշ լի» ընդդիմություն չեն կարող լինել:
Ամփոփենք. Մի հայտնի խոսք կա, ասում են «մարդուն իշխանություն ունենալը չի այլասերում, այլ այն կորցնելու վտանգը»: Մեկ էլ մի բան, անկեղծ չգիտեմ մեղադրեմ, թե ինչ Արթուր Բաղդասարյանին: Շատերին «մարդ դարձրեց», պաշտոնի տեր դարձրեց, բայց…