Համամիտ եմ Ստեփանի հետ (առաջարկում եմ անպայման կարդալ նրա այս գրառումը) եւ կարծում եմ, որ իրականում եթե ինչ որ մեկին պետք է մեկուսացնել հասարակությունից՝ դա ագրեսիվ այլատյացներին (քսենոֆոբներին) հենց թեկուզ այն պատճառով, որ նրանք իրենց վարքով որպես կանոն խախտում են ՀՀ Սահմանադրությունը եւ մյուս քաղաքացիների իրավունքները՝ քարոզելով նրանց հանդեպ ատելություն եւ անհանդուրժողականություն: Մեկուսացնել եւ զբաղվել ստիպողական կրթությամբ, քանի որ այլատյացությունը տգիտության արդյունք է:Սրանք երբ շատանում են կարող են պատուհաս դառնալ ցանկացած երկրի, պետության եւ ժողովրդի գլխին: Թե ինչ են սկսում անել այլատյացները երբ իշխանության են գալիս՝ վառ օրինակ են երիտթուրքերն ու ֆաշիստները: Այլատյացությունը, ի դեպ, մտածողություն է եւ կապ չունի ազգային պատկանելության հետ: Այլատյացությունը բուժելի է: Օրինակ, հակաֆաշիստական կոալիցիայի ուժերը այդ ախտը գերմանացիների որոշ հատվածի մոտ բուժում էին «դենացիզացիա» գործողության շրջանակներում՝ նրանց ստիպողաբար «էքսկուրսիա» տանելով համակենտրոնացման ճամբարներում հազարավոր իրար վրա լցված դիակները դիտելու՝ կոմունիստների, «աղանդավորների», միասեռականների, հրեաների, լեհերի, հոգեկան հիվանդների, գերիների, որոնց մեջ նաեւ՝ հայերի, մի խոսքով բոլոր նրանց, ումից ֆաշիստները «զզվում էին», կամ համարում իրենցից ցածր, կամ պարզապես մարդ վառելու, մարդու «արյուն խմելու» եւ այլ մարդակեր ու մարդատյաց կենդանական/բնազդային հակումներ ունեին: Ցավոք, թուրք ազգի մոտ ժամանակին նույն գործողությունը չիրականացվեց, թե չէ լիովին այլ վիճակ կունենայինք հարեւան երկրում: Բայց պատմության ամենամեծ հեգնանքն այն է, որ այդ ախտը այժմ գլուխ է բարձրացնում հայերիս շրջանում՝ այն էլ հյուսիսային հայտնի կենտրոնի լավ տեսանելի օժանդակությամբ: