«Այն օրը, երբ որ կպարզվի, որ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից ճնշումներ են եղել ԵՊՀ-ի հոգաբարձուների նկատմամբ, այդ օրը ես հրաժարական կտամ»,- այս մասին այսօր փետրվարի 27-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում կատարվող իրադարձություններին:

Լրագրողի այն դիտարկմանը, որ հենց ինքն էր Արամ Սիմոնյանին հորդորել հրաժարական տալ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ես ոլորտի պատասխանատուն եմ և իմ մտահոգությունների մասին կարող եմ և խոսել: Որոշում կայացնողը ձեւավորված խորհուրդներն են: Այդ «ասում են»-ները կարելի է ստուգել: Այսքան օրերի ընթացքում հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի հետ խոսե՞լ եք»:
Նախարարն անդրադարձավ նաև այն հարցին, որ ասում են, թե Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում նրա՝ ՀՀԿ-ական լինելու պատճառով.

«Նման բան բացառվում է, մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել է բացառապես գործընկերային հարաբերություններ, ինքն է հենց փորձում այս ամենը քաղաքականացնել՝ պրոցեսի մեջ ներքաշելով նաև իր գործընկերներին: Ես Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ հավասար վերաբերմունք ունեմ: Որեւէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: Մեր նախարարությունում ամենաբարձր պաշտոններում կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցն են»:
Կարդացեք նաև՝ Արամ Սիմոնյանն ինձ ասել է՝ եթե իմ դեմ քրգործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որ պաշտպանվեմ. Արայիկ Հարությունյան


