Ծայրահեղությունների ազգ ենք։
Կարող ենք ուսանելի օրինակ լինել բոլորի համար։ Օրինակ, հիշում եմ՝ մինչև 90–ականների կեսերը, Հայաստանը համարվում էր ժողովրդավարության կղզյակ՝ նույն հարթության մեջ դրվելով մերձբալթյան երկրների հետ։
Սակայն նույն այդ Հայաստանում՝ այսօր գերիշխող է մենթալիտետային մտածողությունը, որից ասիականության հոտ է փչում։
Մեր ժողովուրդը, տարիներ առաջ, հերոսաբար մարտնչում էր սովետական տանկերի դեմ, այսօր հեզաբար ընդունում է կայսրության ռեստավրացիայի մոդիֆիկացված տաբերակը։
Ոմանք համարում են, որ Նիկոլայ Ռիժկովն ու Վիկտոր Յանուկովիչը մեծ դեր են ունեցել 88–ի երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, ուստի՝ առաջինն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, իսկ երկրորդի անունով հրապարակ կա Սպիտակ քաղաքում։
Այս երկուսին էլ չէին հիշի, եթե նրանց քծնելու ու այսօր նրանց միջոցով հարցեր լուծելու անհրաժեշտություն չունենային։
Խայտառակություն է, որ տասնամյակներ շարունակ երկիրդ օկուպացրած կայսրության վարչապետին շնորհում ես ազգային հերոսի կոչում։ Դա անարգանք է անկախության համար պայքարածների հիշատակին։
Ավելին, Ռիժկովն ու կայսրության մյուս «երևելիներն» ուղղակիորեն պատասխանատու են երկրաշարժի հետևանքների համար՝ սովետական «փայլուն» շինարարություն իրականացնելով ու Սպիտակի երկրաշարժի իրական հետևանքներն երկար ժամանակ թաքցնելով։
Յանուկովիչն էլ մեկն էր այն սովետական պռարաբներից, ովքեր հետերկրաշարժյան Սպիտակում, խոպանչու հոգեբանությամբ, փող էր «լվանում»։
Եթե Ռիժկովն ազգային հերոս է, Հայաստանն անկախ երկիր չէ, մենք էլ՝ հպատակ ենք։
Եթե մեկը Քոչարյանի անունով հրապարակ անվանակոչի, ասենք, Կիևում, մենք կհամարնեք, որ այդ մարդն անարգում է մարտիմեկյան սպանդի զոհերի հիշատակը՝ արժևորելով արյունարբու ու քինախնդիր դիկտատորին։
Յանուկովիչը կրակել է իր քաղաքացիների, ազատության վրա։
Նրա անունով ինչ–որ բան կարող է կոչվել միայն պատմության աղբանոցում։
Հայաստանն աղբանոց չէ…
…Իսկ թե ոմանք էլ քծնանքով հարցեր լուծելու խնդիր ունեն՝ դա թող անեն իրենց հաշվին՝ հանգիստ թողնելով ազգային արժանապատվությունս։