Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն էր։ 2004 թվականին Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որից հետո 2008 թվականից Հայաստանում հոկտեմբերի 12-ը նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր։
168.am-ն է գրում ու մանրամասնում․ «Օրվա խորհրդով հոկտեմբերի 12-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ «Չծխելը մոդայիկ է» խորագրով միջոցառում, որի ընթացքում երիտասարդները շրջում էին և ծխող մարդկանց առաջարկում շոկոլադ, փոխարենը՝ նրանցից վերցնում ծխախոտ, իսկ առողջ ապրելակերպի ջատագով ֆիթնես մարզիչները հավաքվածներին հորդորում էին՝ թողնել ծխելը և զբաղվել սպորտով։
Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, դոկտոր Սիդդարթա Դատտայի խոսքով՝ ապագան կերտողները երիտասարդներն են, որոշում կայացնողները՝ նույնպես։
Երիտասարդությանն ուղղված նրա խոսքը հստակ էր՝ ծխախոտ կամ ծխախոտային որևէ արտադրանք օգտագործելն այլևս նորաձև չէ։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային Առողջապահության բաժնի մասնագետ Վարդուհի Հարումյանի կարծիքով՝ ծխախոտի դեմ պայքարի առումով Հայաստանն այս պահին բավականին առաջադեմ դիրքերում է, քանի որ կա համապարփակ օրենք, որը սահմանափակումների առումով առաջադեմներից մեկն է։
Ծխախոտի դեմ պայքարի վերջին փոփոխությունը, որն իրականացվել է, այն է, որ 2024 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ իրավական կարգավորումների շրջանակում Հայաստանը պարտավորվել է վաճառքի թույլատրել միայն համապատասխան մակնշմամբ տուփերով ծխախոտ: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի շուկայում կարող է վաճառվել (արտադրվել, ներմուծվել) ծխախոտ, որի տուփի վրա առկա է ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների տեսակների պատկերներ:
Այս առումով շուկայում մեծ խնդիր կա՝ վաճառքում առկա է նաև առանց գրաֆիկական պատկերների ծխախոտ։
Ըստ այդմ՝ Վարդուհի Հարումյանի դիտարկմամբ՝ բավականին բացեր կան ոչ թե օրենքում, այլ օրենքի կիրարկման մեջ։
Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդական Դավիթ Պետրոսյանն ասաց՝ վերջին շրջանում չկա այնպիսի պետական վիճակագրություն, որը կարող է ցույց տալ՝ վերջին շրջանում երիտասարդության ու դեռահասների շրջանում ծխելը շատացե՞լ է, թե՞ նվազել։
Վերջին վիճակագրության համաձայն, որը եղել է մոտ 5 տարի առաջ, ծխող տղամարդկանց 51 տոկոսը 15 տարեկանից մինչև 60 տարեկան են, և շատ քիչ կանայք՝ 3-3,5 տոկոս։
Դավիթ Պետրոսյանը ևս ընդգծեց՝ օրենքով ծխախոտի բոլոր տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական պատկերներ, որոնք տհաճ են։ Վաճառքում առանց նման պատկերների ծխախոտների առկայության խնդրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից փոխանցեցին, որ գերատեսչությունը շուկայի վերահսկման գործառույթ իրականացնելու համար որևէ լիազորություն չունի։
Թե ինչո՞ւ ծխախոտի շուկան չի վերահսկվում և ինչո՞ւ են շարունակում վաճառվել առանց գրաֆիկական պատկերների ծխախոտներ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից էլ հայտնեցին.
«2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը, որը նշանակում է, որ այսուհետ ծխախոտային արտադրատեսակները պետք է ուղեկցվեն այդ գրաֆիկական պատկերներով, որը ենթադրում է մակնշում։
Այո, այժմ քաղաքացիներից շատ են ահազանգեր լինում, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներն են մշտապես հարց բարձրացնում, թե ինչու շուկայում կան նաև ծխախոտատուփեր, ծխախոտային արտադրատեսակներ, որոնք ուղեկցված չեն այդ գրաֆկական պատկերներով։
Խնդիրն այն է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրվող, ներմուծվող կամ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակները պարտադիր պետք է համապատասխանեն այս տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ պետք է շուկա հանվեն գրաֆիկական պատկերներով։ Բայց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը շրջանառության մեջ դրվածները՝ ծխախոտային արտադրատեսակները, իրավունք ունեն իրացվել առանց գրաֆիկական պատկերների՝ մինչև ամբողջական իրացում։ Դիցուք, իքս տնտեսվարողն արտադրել է կամ ներմուծել է իքս քանակով ծխախոտային արտադրատեսակ մինչև 2024 թվականի հունվարի մեկը և այն դրել է շրջանառության մեջ, դրանք, բնականաբար, չեն ուղեկցվել գրաֆիկական պատկերներով, քանի որ օրենքի պահանջն այդ ժամանակ չի եղել։
Բնականաբար, դրանք չունեն գրաֆիկական պատկերներով ուղեկցվող տուփեր։ 2024 հունվարի 1-ից հետո բոլոր ծխախոտային արտադրատեսակներն արտադրվելու, ներմուծվելու և շրջանառության մեջ են դրվելու գրաֆիկական պատկերների ուղեկցությամբ՝ Մաքային միության կանոնակարգի պահանջներին համապատասխան»»։