Սխա՞լ մարտավարության արդյունքում Ժառանգությունը հայտնվեց այս վիճակում, թե՞ նախապես էր ծրագրավորած, որ Ժառանգությանը խաղից դուրս թողնեն, չեմ կարող ասել, բայց որ այդքան մեծ պոտենցիալ ունեցող կուսակցությունը այսօր հազիվ է իր գոյությունը պահպանում, փաստ է:
Ժառանգությունը 2007-ին առաջին անգամ հայտնվելով ԱԺ-ում և մուտք գործելով ակտիվ քաղաքական դաշտ, մշտապես տարբերվել է թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս: Ժառանգության պատգամավորները այնտեղ էին, որտեղ կար անարդարություն, որտեղ ոտնահարվում էին քաղաքացու իրավունքները և որտեղ օգնության կարիք ունեին: Նրանց պահվածքը ոգևորող էր և հարգանքի արժանի:
Ժառանգությունը այն հարթակն էր, որը հնարավորություն էր տալիս անհատին, ով կուսակցական կամ քաղաքական գործիչ չէր, հանդես գալ քաղաքական հարթակում:
Իրականում Ժառանգությունը հավակնում էր և կարող էր լինել, եթե ոչ առաջին, ապա երկրորդ քաղաքական ուժը Հայաստանում: Ժառանգությանը դրա համար պետք էր մի փոքր ֆինանսական և մարդկային ռեսուրս:
Ըստ իս, այս բացը լրացնելու համար էր նաև, որ ԱԺ ընտրություններից առաջ Ժառանգությունը 2012-ին գնաց համագործակցության ճանապարհով:
Չնայած և այն ժամանակ, և ընտրություններից հետո էլ բազմաթիվ էին քննադատությունները այդ համագործակցության հասցեին, բայց նորաստեղծ թիմը, որպես իր հաղթաթուղթ ներկայացնում էր հին ու նոր սերնդի քաղաքական գործիչների ներառումը, ինչպես նաև հասարակական գործիչների և ակտիվ քաղաքացիների ներառումը:
Այսօր արդեն վստահորեն կարելի է ասել, որ այդ համագործակցությունը չարդարցրեց իրեն ոչ ֆինանսապես, ոչ մարդկային ռեսուրսների լրացմամբ և ոչ էլ ընտրության արդյունքներով: Այդ համագործակցության արդյունքները բերեցին նրան, որ ոչ միայն թուլացավ Ժառանգությունը, կուսակցության ներսում դժգոհությունների պատճառ դարնալով, այլ նաև երբեմնի գործընկերների բաժանման պատճառ դարձավ:
Արդյունքում ԱԺ-ում հայտնվեցին 3 Ժառանգական և 2 Ազատ դեմոկրատ, իսկ Ր. Հովհաննիսյանի հրաժարականից հետո պատգամավոր դարձավ Թևան Պողոսյանը և խմբակցության կազմը դարձավ 2+2+1 ՀԿ դաշտի ներկայացուցիչ:
Ր. Հովհաննիսյանի առաջարկով ես էլ՝ որպես փորձագետ, 2012 թվականին հայտնվեցի «Ժառանգություն» խմբակցությունում, ներկայացնելով ՀԿ դաշտը և բարձրաձայնելով հաշմանդամության խնդիրները: Թևան Պողոսյանի պատգամավոր դառնալուց հետո որոշ տեղաշարժներ տեղի ունեցան խմբակցությունում և Ռ. Հակոբյանի առաջարկով ես փորձագետից դարձա Թևան Պողոսյանի օգնականը:
Թևան Պողոսյանի հրաժարականից հետո խմբակցության կազմը հիմնովին փոխվում է ի օգուտ Ազատ Դեմոկրատների, դառնալով 3 Ազատ Դեմոկրատ և 2 Ժառանգություն, իսկ ՀԿ դաշտը ընդհանրապես ներկայացված չի լինում:
Լինելով Թևան Պողոսյանի օգնականը և ԱԺ-ի պայմանագրի հիմքում ունենալով պատգամավորի հետ կնքված պայմանագիրը, պատգամավորի գործունեության դադարեցումից հետո իմ պայմանագիրն էլ է դադարում գործել և ես էլ եմ դուրս գալու ԱԺ-ից:
Նախագահական ընտրությունների ոչ թե արդյունքը, այլ հանգուցալուծումն էլ լուրջ վնասեց Ժառանգության հեղինակությանը և էլ ավելի թուլացրեց Ժառանգության դիրքերը:
Միակ մխիթարանքը Երևանի ավագանու ընտրություններն էին, որի արդյունքում Ժառանգությունը 4+2-ով հայտնվեց ավագանիում:
Ի՞նչ է ստացվում: 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ Ժառանգությունը ունենալով մեծ հեղինակություն և պոտենցիալ, ներկայացնելով լուրջ քաղաքական հավակնություններ, 2013-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով լինելով երկրորդը, այսօր սեփական խմբակցությունում փոքրամասնություն է և կործանման եզրին է, որը իրոք շատ ցավալի է:
Շատ կուզենայի իմանալ, այս ամենը դիտավորությա՞ն, թե՞ սխալ մարտավարության արդյունք էր:
Դիտավորությա՞ն, թե՞ սխալ մարտավարության արդյունք է, որ «Ժառանգությունը» կործանման եզրին է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet