▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ մոր վրա ցուցմունք էր գրում»

168.am-ը գրում է․ «Ամեն անգամ, երբ ՔՊ-ական իշխանությունը ստիպված է լինում բախվել հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի սկզբունքայնության հետ, երբ վերջինիս  անունն առանց արհեստական աղմուկի ու բարձրագոչ հայտարարությունների, օրեր շարունակ չի իջնում հասարակության շուրթերից, փաշինյանամերձ տարբեր տրամաչափի հայտնի ու անհայտ «գործիչներ» սկսում են ժայթքել թույնի հերթական չափաբաժինն ու հայրենասիրության դասեր տալ, իսկ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք էլ հաճույքով հավանում են նմանատիպ գրառումները:

Հերթական արշավը Հենրիխ Մխիթարյանի դեմ սկսվեց այն բանից հետո, երբ նա նախ չեկավ Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանից մրցանակ ստանա, ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց՝ այն ստանալու համար, ապա Միլանում արդեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ այս պահին հավաքական վերադառնալ չի պատրաստվում, բայց մի օր կխոսի հավաքականից հեռանալու իր պատճառների մասին:

Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին զրուցել ենք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ ազգային հավաքականից

Հավաքականից հեռանալու՝ Հենրիխ Մխիթարյանի պատճառները, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մի քանիսն են, և դրանցից առաջինն այն է, որ Մխիթարյանի մորը զրկեցին Ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից:

«Դրանից առաջ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը: Ընդ որում, էդ անձնագիրը Հենրիխի համար մի մեծ բան չէր: Ուղղակի քանի որ նա Շենգեն գոտու երկրներում հաճախ էր ճամփորդում իր աշխատանքի բերումով, դիվանագիտական անձնագրով երթևեկելը զուտ հարմար էր, անընդհատ վիզաների կարիք չէր լինում: Դա էր դրա առավելությունը: Ու դա գիտակցելով՝ սրանք նրանից վերցնում են նրա դիվանագիտական անձնագիրը:

Ո՞ր դեսպանը կամ ո՞ր պատգամավորն է աշխարհում հային ու Հայաստանն այնքան լավ ներկայացրել ու ճանաչելի դարձրել, որքան դա արել է Հենրիխ Մխիթարյանը, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագիր, Մխիթարյանը՝ ոչ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

Վերջինս հիշեցրեց Մխիթարյանի դեմ սոցցանցերում որոշ իշխանամերձ շրջանակների կողմից իրականացված և կազմակերպված ֆեյքային արշավների մասին:

«Դրան գումարած Ֆուտբոլի ֆեդերացիայում վեր ընկած էդ երկու ոչնչությունները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, «երկրպագուների» հետ միասին կազմակերպեցին ու նիկոլական ֆեյքերով իսկական արշավ իրականացրեցին Մխիթարյանի դեմ: Հիշեք՝ ինչեր էին գրում սոցցանցերում՝ «Հենրիխ Մխիթարյանը երբ խաղում է, մենք պարտվում ենք, երբ չի խաղում, հաղթում ենք» կամ «Ժամանակն է Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը», ու նման բաներ… Ո՞վ չգիտի, որ դրա հեղինակը Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն էին: Մտածում էին՝ առանց Հենրիխ Մխիթարյանի կկարողանան ինչ-որ մեծ խնդիրներ լուծել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ովքե՞ր են Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվողները

«Ինձ համար ամենասարսափելին այն է, որ Հենրիխ Մխիթարյանի նման հայրենասեր տղային հայրենասիրության դասեր է փորձում տալ մի մարդ, որը մնացել է «Սամվել» վեպի տակ. երևի շատ է կարդացել: Ո՞նց կարող է մարդը չսիրել իր ծնողին՝ մորը, ու սիրել հայրենիքը: Դա ինձ համար անթույլատրելի է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի մասին Արման Բաբաջանյանի գրառմանը:

Նա նաև ուշագրավ այլ բացահայտումներ արեց:

«Արման Բաբաջանյանը, լինելով տարբեր երկրների գործակալ, նաև դավաճան, իր մոր վրա ցուցմունք է տվել, դրա համար մոր արժեքը չգիտի ու մոր արժեքն իմացող մարդուն փորձում է հայրենասիրության դասեր տալ»,- նշեց ՀՖՖ նախկին նախագահը:

Ռուբեն Հայրապետյանն աբսուրդ համարեց այն, որ Հենրիխ Մխիթարյանին Հայրենիքը սիրելու դասեր կարող են տալ հայրենիքին իրենց գիտակցական կյանքում որևէ օգուտ չտված մարդիկ, և սա այն դեպքում, երբ Մխիթարյանը մշտապես բարեգործություն է արել, այդ թվում՝ Արցախում, օգնել վիրավոր զինվորներին:

«Չթվարկեմ՝ ինչքան բան է արել: Դեռ 20-21 տարեկանից, երբ Մխիթարյանը բազմաթիվ բարեգործություններ էր անում, Արման Բաբաջանյանն իր հարազատ մոր դեմ ցուցմունք էր տալիս: Ես կդադարեի հարգել Հենրիխ Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր հետ նման կերպ են վարվել: Չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստ լինելը, առավել ևս՝ ավագի թևկապ կրելն աշխատանք է: Նա ո՞նց պիտի աշխատեր այն մարդկանց հետ, ովքեր իր մորը չեն թողնում մտնի Ֆեդերացիայի շենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее