|
Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորակառույց շենքերի շինարարության գովազդներով ողողված է հայկական «Ֆեյսբուք»-ը: Մեկը մյուսից մեծ ու անճոռնի: Հանրապետության շինարարական «բումը» միայն Երևանում է:
Ո՞վ է այս շենքերի շինթույլտվությունները տալիս, մեր երկրում ընդհանրապես քաղաքաշինական զարգացման ստրատեգիա կա՞: Մեր փոքրիկ երկիրը փոքր բնակչություն ունի, բայց բնակեցման խտությունը շատ ցածր է, դա երևում է անզեն աչքով: Երևանից դուրս մարզերը կիսադատարկ վիճակում են: Երևանը օրեցօր էկոլոգիական ու սոցիալական աղետի մեջ է մտնում, սա ոչ ոք չի՞ նկատում: Երևանում օդ չկա, ճանապարհային ու կոմունիկացիոն այլ ինֆրաստրուկտուրաներ չկան, կանաչ գոտիներ չկան, քաղաքը հայ-հայ է՝ կտրաքվի այս ճնշումից: Բայց աջ ու ձախ կառուցվում են բազմահարկ ու անճոռնի շենքերը, իրար քիթ մտած և կարևորը՝ «Արարատի տեսարանով»: Ժողովուրդն էլ գովազդների տակ + է, որ դնում է: Ինչո՞վ են առնում այդ բնակարանները, ինչպե՞ս են փակվելու վարկերը և ամենա կարևորը, ինչպե՞ս են իրար քիթ մտած ապրելու այդ մրջնանոցներում: Աշխարհի ցանկացած երկրում շենքերի այդ տեսակը հիմնականում սոցիալական բնակֆոնդ է, պետությունները դրանք կառուցում են անապահով խավի համար, մեզ մոտ դրանք շփոթում են էլիտար երկնաքերերի հետ: Բայց իրականում այս մրջնանոցները ապագայում դառնալու են «տրուշչոբաներ», մարդիկ շատ արագ հասկանալու են, որ այս «կոմունալկաներում» ապրել հնարավոր չէ և սկսելու են փախնել՝ ուր հնարավոր է, վերադառնալու են հայրենի գյուղեր: Իսկ անճոռնի շենքերը այդպես էլ մնալու են, ինչպես մնացել է սովետական անճոռնի բնակֆոնդը: Երևանում և երկրի մյուս քաղաքներում նախ և առաջ պետք է քանդվեին սովետական բազմահարկ ու վաղուց վթարային վիճակում գտնվող շենքերը, նրանց փոխարեն պետք է կառուցվեին նորերը: Կասեն դա թանկ է, բիզնեսին ձեռնտու չէ, հետո՞: Ուրեմն գիտակցաբար պռոբլեմի վրա ավելացնենք ավելի մե՞ծ պռոբլեմբեր: Էլ չեմ խոսում երկիր «համաչափ» զարգացման մասին, մենք 30 տարի է վերածվել ենք քաղաք պետության, Երևանն է պետությունը: Մի քանի անգամ ասել եմ, Երևանը այն քիչ քաղաքներից է, որտեղ ոչ մի դիրքից ու ռակուրսից գեղեցիկ ֆոտո անել չի ստացվում, բարձունքից անկանոն տգեղություն է, ներքևից ասֆալտ ու կիսասովետական սյուռեալիզմ: Սա պետության վարած տգետ քաղաքականության հետևանքն է:
Հիմա հաստատ ոմանք կկարդան, մատները կտնկեն, կվրդովվեն, կասեն ամեն ինչ քննադատում է:
Մենք «մի փոր հացը մի հոր հացի հետ փոխող» սոցիում ենք, մեր մենթալիթետում բացակայում է ստրատեգիական մտածելակերպը, նույնիսկ 10-20 էլ չասեմ 30-50 տարի առաջ պլանավորելու ունակություն չունենք, այսօրն է, աչքը տեսավ, փորը զգաց, ուրեմն ամեն ինչ լավ է: Թե իրականում ինչ կստանան սերունդները, դա հեչ: Այդպես է բոլոր ոլորտներում: Այդ փնթիության ու հանցավոր անտարբերության դիմաց վճարում են գալիք սերունդները: Երբ դեռ մի քանի տարի առաջ տարբեր հարցերի վերաբերյալ նմանատիպ մոտեցումների մասին էի խոսում, կրկին նույն արձագանքն էր: Թեկուզ բարձրաձայն չէին արտահայտվում, բայց դեմքներին գրված էր, «լավ էլի, հերիք է քննադատես, ամեն ինչ նորմալ է»: Կերա՞ք:
Այս շինարարական «բումի» մասին դեռ հիշելու ենք:
Եվս մեկ անգամ կրկնեմ, բիզնեսը, շինարարներն ու բանկերը այս ամենում ՈՉ ՄԻ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆ: Բիզնեսը ջրի պես գտնում է իր հունը, իսկ հունը որոշում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, իշխանությունը:
Սա էլ հո «Ղարաբաղի հարց» չէ, չնայած մեր երկրում ցանկացած հարց «Ղարաբաղի հարց» է: Նույն ստրատեգիան, նույն անգործությունն ու փնթի գործելավոճն է: Քաղաքաշինության հարցում նույնպես «ռուսմետ» ենք, շարժվում ենք ռուսական ոճով: Ռուսաստանը աշխարհի ամենա մեծ տարածքով երկիրն է, շա՜տ նոսր բնակեցված, բայց անճոռնի մրջանանոցներից բացի այլ բան չեն կառուցվում երկրի քաղաքներում: Հիմա կտրիճ դարձած Մեդվեդևը երբ նախագահ էր, գնացել էր Ամերիկա ու զարմացած էր «одноэтажная Америка»-ից, թե ինչպե՞ս է, որ ԱՄՆ այսքան մեծ տարածք ունի, բայց հիմնականում ցածրահարկ տների մեջ են ապրում ամերիկացիները: Որոշել էր Ռուսաստանում նույնպես խթանել այդ տենդենցը, չստացվեց Դիմոնի մոտ, խեղճը ստիպված դարձավ ռազմատենչ...
Այդպես էլ չհասկացան, որ ԱԶԱՏ մարդիկ միշտ նախընտրել ու նախընտրելու են առանձնատները:
Կամ որևե մեկ Եվրոպայում տեսե՞լ է նման անճոռնի մրջնանոցներ, այն էլ խիտ բնակեցված Արևմտյան Եվրոպայում»:
|