▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպա՞, թե՞ Ռուսատան…

Եվրոպան Հայաստանին ֆինանսական աջակություն էր ցուցաբերում, և մեր իշխանությունները նաև դրա համար դանդաղ քայլերով գնում էին դեպի Արևմուտք, ինչը նկատելի էր իշխանությունների կիսավայրենի պահվածքը կիսամարդկայինի վերափոխման մեջ: Բայց Ռուսաստանն ավելի զորեղ լծակներ ուներ թերևս, որ կարողացավ «հավատափոխ անել Տիզբոն մեկնած մեր պատվիրակությանը»:

Սար ու ձորի տարբերություն կա ռուսական ու արևմտյան քաղաքակրթությունների միջև, ու ռուսներից շատ քիչ բան ունենք օրինակ վերցնելու, բայց ահա հանրությունը չի ընդվզում ուղենիշի խիստ անցանկալի այս փոփոխությունից: Այս ամենի մեջ նաև Եվրոպայի մեղքը կա, որ հաշվի չառնելով մեր հանրության պահպանողական լինելը, բարձրարժեք քաղաքակրթական նորմերի հետ մեկտեղ հանրային կյանք էր ձգտում ներմուծել, այն էլ՝ մեծ ջանադրությամբ, նաև այնպիսի երևույթներ, որոնք մերժելի են մեզանում: Ռուսները շատ լավ օգտվեցին դրանից և սառեցրին հանրային որոշ շերտերի ջերմ վերաբերմունքը Եվրոպայի հանդեպ:

Ոմանք պնդում են, թե Եվրոպան մեր, տեսանկյունով, այլասեռված չէ այնքան, որքան ներկայացնում են ռուսական լրատվամիջոցները և որ դա սև քարոզչություն է: Բայց այն օրենքները, որոնք հենց այսօր պարտադրվում են մեզ, հակառակն են ապացուցում: Մյուս կողմից, քանի՞ անգամ Հայաստանում գտնվող եվրոպացի դիվանագետները հանդես եկան հերքումով: 

Մեր համար ճիշտ ընտրությունը ուրիշի լավ կողմերը ընդունելով մեր երկիրը կարգի բերել ու զարգացնելն է, բայց եթե պիտի երկուսից մեկի հետ լինենք, թերևս Եվրոպան ավելի ձեռնտու է, բայց առանց «գարնիրի»: 

Եվրոպան սեպտեմբերի 3-ից հետո խորհումների մեջ է: ՀՀ նախագահին հրավիրել են Փարիզ: Այդ առումով ուշագրավ մի տեսակետ հայտնվեց մեր մամուլում. ,, … բովանդակային առումով, առանցքայինն իհարկե կլինի ոչ թե նախատինքը կամ Սերժ Սարգսյանին հիասթափություն հայտնելը, այլ Երևանի հետագա գործողությունների հարցը քննարկելը՝ առաջին հերթին հայ-թուրքական եւ արցախյան հարցերում, հետո նաև Իրանի ու Սիրիայի խնդրում: Փարիզը կփորձի հասկանալ, թե ինչքան է այս առումով Երևանի անկանխատեսելիության «պաշարը» կամ «հավանականությունը», ձգտելով կանխել գոնե այս հարցերում Երեւանի հավանական կապիտուլյացիաները ռուսական շահի հանդեպ, ինչը հարված է թե Հայաստանի, թե Հյուսիս-ատլանտյան հանրության շահին»:
Ինչպես ասում են՝ սպասենք, տեսնենք:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее