Վերջին օրերին Հայաստանում քննարկվող հիմնական թեմաներից մեկի` այսպես կոչված` «Fake»-երի մասին օրինագծի վերաբերյալ 1in.am-ի հարցերին պատասխանել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը:
-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պայքար մղել սոցիալական ցանցերում «Fake»-երի՝ կեղծ օգտատերերի դեմ: Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս նախագիծը: Արդյո՞ք սա դաշտը կարգավորելու լավագույն ձևն է:
-Ցավոք, այս նախագիծը ոչ այնքան պայքար է կեղծ օգտատերերի դեմ, որքան պայքար զանգվածային լրատվության միջոցների դեմ, երբ նրանք արտատպում են վիրավորական կամ զրպարտչական նյութը:
Խնդիրը կարգավորելու լավագույն ձևը, կարծում եմ, սա չէ: Լավագույնն այն կլիներ, որ մարդկանց վիրավորող ու զրպարտող, խոսքի ազատությունը չարաշահող, հաճախ էլ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող կեղծ օգտատերերն իրավական ու տեխնիկական որոշակի եղանակներով բացահայտվեին և ենթարկվեին այն ֆինանսական պատասխանատվությանը, որն արդեն իսկ սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
- Մինչ այս նախագիծը, դաշտը կարգավորող օրենք, կոնկրետ դատական գործով նախադեպեր, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշում կա: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ նախադեպերից զատ փորձ է արվում նաեւ օրենքով ձեւակերպում տալ ֆեյքերի դեմ պայքարին: Սա նշանակո՞ւմ է, որ նախադեպային իրավունքը չի գործում Հայաստանում:
Կյանքում առաջ եկող խնդիրները օրենքով կարգավորելիս չի կարելի հույսը դնել բացառապես որևէ դատարանի որևէ նախադեպի վրա: Այդ տրամաբանությամբ կարելի էր մի տողով գրել, որ ամեն ինչ կարգավորվում է Եվրոպական դատարանի նախադեպերով և վերացնել բոլոր առկա իրավական կարգավորումները: Հիմնվելով նախադեպային իրավունքի վրա՝ իսկապես անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել օրենսդրությունը: Բայց թե ինչպես զարգացնել, ինչ օրենսդրական ձևակերպումներով, դա արդեն լուրջ քննարկման ու բանավեճի հարց է:
-Նախագծով առաջարկվող փոփոխություններով լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր էլեկտորոնային կայքում տեղ գտած, անհայտ հեղինակների վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար: Ի՞նչ եք կարծում, սա չի՞ կարող նաեւ որպես լրատվամիջոցի նկատմամբ պատժիչ միջոց կիրառվել: Ձեր կարծիքով լրատվամիջոցը կարո՞ղ է վերահսկել ինտերնետ տիրույթը, տարբերակել վիրավորանքը զրպարտությունից:
-Ընդհանրապես լրատվական գործունեությունն ինտելեկտուալ աշխատանք է, համենայն դեպս այն պետք է լինի այդպիսին: Այսինքն, չի կարելի լրատվություն իրականացնել առանց ստուգելու տեղեկատվության իսկությունը կամ դրա աղբյուրի հուսալիությունը: Չի կարելի արտատպել մարդուն վարկաբեկող տվյալներ առանց ճշտելու, թե ում ես հղում արել կամ ինչի մասին ես հրապարակել քո լրատվամիջոցում:
Մյուս կողմից, լրատվամիջոցի համար ավելորդ բեռ կամ պատասխանատվություն օրենքով նախատեսելիս պետք է շատ զգույշ և խորը մասնագիտական մոտեցում: Չնայած այս օրենսդրական նախագծի հեղինակների կազմը վկայում է, որ այն արդեն իսկ ունի քաղաքական լայն աջակցություն, բայց այն պետք է ստանա նաև լրագրողական համայնքի և իրավապաշտպան կառույցների հավանությունը:
-Նախագծի հեղինակների պնդմամբ նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը: Արդյոք այս հիմնավորումը ճի՞շտ է եւ ֆեյքօգտատերերըկարո՞ղ են խախտել անձի իրավունքները:
-Այս օրենսդրական նախաձեռնության հեղինակները, թերևս տեսնելով, որ տեխնիկապես բարդ է օրենքի կարգավորումներով բացահայտել և պատասխանատվության ենթարկել վարկաբեկող տեղեկատվությունը ստեղծողներին, որոշել են պատասխանատվության բեռը թողնել տեղեկատվությունը տարածողների՝ լրատվամիջոցների ուսերին: Սա հնարավոր, բայց ոչ միակ ճիշտ լուծումն է:
Անձամբ ես կցանկանայի, որ լայնորեն քննարկվեր, թե արդյոք հնարավո՞ր են օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնց միջոցով բացահայտվեին օրենքը խախտած կեղծ օգտատերերը և նրանցից գանձվեին ֆինանսական փոխհատուցումները, այլ ոչ թե այդ բեռը դրվեր լրատվամիջոցների վրա միայն այն պատճառով, որ դա ավելի դյուրին է: Չէ՞ որ, երբ հայտնի են առաջնային զրպարտողն ու վիրավորողը, նման դեպքերում լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն: Կեղծ օգտատերերի դեպքում էլ պետք է գործի նույն սկզբունքը: Մինչդեռ այս նախագիծը փորձում է մեղքը հիվանդ գլխից բարդել առողջի վրա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում