Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի։

«Ստույգ թիվ չեմ կարող ասել՝ քանի հոգի են, բայց կան։ Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են Նորաբակի ուղղությամբ։ Հրաձգությունը երկար չի տևել», -ասել է Ավետյանը։
Նա նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկան էականորեն չի տեղաշարժվել, բայց կուտակված է ՀՀ սահմանին։
«Այսօր Գեղամասարից կրակոցները չենք տեսել, միայն լսել ենք, բայց գիշերները լինում է, որ կրակում են Կութի, Սոթքի հատվածներում, մենք տեսնում ենք, երեխաները տեսնում են, նրանց հոգեբանության վրա է ազդում։ Զարմանում ենք, եթե մի օր կրակոց չի լինում, շարունակական են․․․», -ասել է Ավետյանը։


