Ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանը ձեռք է բերել «Պեգասուս» լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում 2 անձ արդեն նախազգուշացում է ստացել, որ իր բջջային հեռախոսում գործում է այդ ծրագիր․ «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է նա։

Ըստ տարածված տեղեկությունների՝ «Պեգասուս» գաղտնալսման համակարգը Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 7 միլիոն դոլարով, ենթադրաբար, այսպես ասած, ներքին և արտաքին թշնամիներին գաղտնալսելու համար։ Համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք սոցիալական ցանցերը: Այն հեռախոսում ներբեռնվում է առանց այն մարդու գիտության, ում պատկանում է․ սովորական գովազդային լինք է ուղարկվում հեռախոսին, որը բացելիս համակարգն ավտոմատ բեռնվում է հեռախոսում։
«Պեգասուս»-ը՝ իսրայելական NSO Group ընկերության ֆլագմանական արտադրանք է, որը մշակում է ծրագրային ապահովում կիբերհարձակումների համար։ Ստեղծված NSO Group տեխնոլոգիան թույլ է տալիս հաճախորդներին, իմանալով միայն պոտենցիալ թիրախային հեռախոսահամարը, ներդնել Pegasus-ը հեռախոսի մեջ: Ընկերությունում պնդում են, որ համագործակցում են միայն կառավարությունների հետ և իրենց արտադրանքը չեն վաճառում անհատներին կամ ընկերություններին:
Հավելենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է․ «Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․
1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։
2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։
Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։


