Հայաստանում քաղաքական համակարգ, քաղաքական դաշտ ու քաղաքական մրցակցություն գոյություն չունի: Հայաստանում քաղաքականությունը գտնվում է պրիմիտիվ շուկայական հարաբերությունների տիրույթում: Հայաստանում գոյություն ունի իշխանական էլիտա, որը չակերտների մեջ է վերցրել ընդդիմությունը` թույլ չտալով ընդդիմադիր քաղաքական ուժերին ինքնադրսևորվել ու կայանալ որպես ընդդիմություն: Այսինքն' Հայաստանում գոյություն չունի իրական ընդդիմություն:
Ազգային ժողովում քիչ թե շատ լուրջ ընդդիմության տպավորություն ստեղծում է ընդամենը մեկ ոչ թե քաղաքական ուժ, այլ անձ` Նիկոլ Փաշինյանը: Այսինքն` Հայաստանի քաղաքական պայքարը մեծ հաշվով սկսվում և ավարտվում է Նիկոլ-իշխանություն հակընդեմ ելույթներով ու հարցուպատասխանով:
Իսկ ինչ ունենք մենք Ագզային ժողովում. 6 խմբակցություն` երկուսը` իշխանական, երեքը` ընդդիմադիր` ըստ իրենց հայտարարածի, և մեկը` այդպես էլ չկողմնորոշված-այլընտրանքային, կարելի է ասել` այլընտրագենդերական:
Իսկ ինչ ունեն այդ խմբակցություններն իրենց ներսում???
ՀՀԿ-ն ունի խմբակցության հին կաղնու կերպարով ղեկավար` Գրիգորիչ ազգանունով, որի հիմնական առաքելությունը լրագրողների հարցերին «միամիտ ու անմեղ» պատասխաններ տալն է` «իրենից անկախ հանգամանքներում» իրար խառնելով ու մանիպուլացնելով ամբողջ լրատվական դաշտը: ՀՀԿ-ն ունի նաև երկու կին պատգամավոր` մյուս կանանց կողքին, որոնց մանդատ ստանալու և ԱԺ նիստերի դահլիճում հայտնվելու անցանկալի փաստը ոչ միայն խիստ անհասկանալի ու անտրամաբանական է, այլև աններելիորեն անընդունելի, քանզի երբ նրանք բացում են իրենց բերաններն ու սկսում արտահայտվել, հասկանում ես, որ Աստված նրանց բերանը լեզու է դրել մեկի դեպքում` իշխանություններին անօգտակար քծնելու ու շողոքորթելու համար` առաջացնելով տհաճ զգացումներ ունկնդիրների մոտ, իսկ մյուսի դեպքում` անգիտակից ու ոչ ադեկվատ արտահայտվելու և Գրիգորիչի ֆունկցիան շատ վատ իրականացնելու համար: ՀՀԿ-ում այլ կանայք ևս կան, որոնց մասին կարելի է առանձին խոսել, օրինակ' այդպես էլ ոչ մի ուշագրավ ելույթ չունեցած մի տիկնոջ մասին, ում նույնիսկ ԱԺ-ում շատ քչերն են ճանաչում, բայց դա նրան այդքան էլ չի մտահոգում, կարևորը' նա ունի մանդատ, ԱԺ-ի նոր մասնաշենքում` աշխատասենյակ, ծառայողական պետհամարանիշ` օօ 11 սերիայով, և կրում է բրենդային հագուստ' տվյալ օրվա կոստյումի հետ համադրելով Fendi-ի կամ Chanel-ի որևէ թանկարժեք պայուսակ: Այդպիսի գրեթե 0 կամ 0.1 ՕԳԳ ունեցող ևս երկու կանայք կան ՀՀԿ խմբակցությունում, որոնց անունները նույնիսկ լրագրողներն են դժվարությամբ մտաբերում: Հանուն արդարության չի կարելի չնշել, որ ՕԳԳ-ի մեծ գործակցով կանայք ևս կան ՀՀԿ-ում, ովքեր իրենց վրա են վերցնում անօգտակարների անգործությունը կոմպենսացնելու ծանր առաքելությունը:
ՀՀԿ-ի անկողնային-կոալիցիոն խմբակցությունում' ՕԵԿ-ում ևս կա խմբակցության ղեկավար` Բիշարյան ազգանունով, ում ով ոնց ուզում է, թող հասկանա` ըստ ճաշակի: Կա նաև Մհեր Շահգելդյան անունով ոչ այդքան թանկարժեք կոստյումով մի պատգամավոր, ով բավականին համեստ ու խելացի անձնավորություն է, և ով, ի դեպ, սովորություն ունի իր հետ զրուցած բոլոր լրագրողների հեռախոսահամրները գրանցել իր հեռախոսում: Վատ սովորություն չէ, ի դեպ:
ԲՀԿ-ն ևս զուրկ չէ իր խմբակցության բրենդային ղեկավարից' այս անգամ Զոհրաբյան ազգանունով, ում ևս, Բիշարյանի նման, կարելի է ընկալել ըստ ճաշակի: ԲՀԿ-ում կա նաև բոլոր հարցերին' այդ պահին արագի մեջ "ճամփու դնող" պատասխան տվող երիտասարդ մի մամլո մանդատավոր խոսնակ, էն X5-ով տղեն: Բայց, ԲՀԿ-ի թերևս ամենաարժեքավոր զարդը' առանց չակերտների, հանձնաժողովներից մեկի նախագահ իրավաբան կինն է'համեստ ու հաճելի կերպարով գրագետ ու խելացի անձնավորություն' ըստ մինչ այժմ թողած տպավորության:
Ժառանգությունում չգիտեմ ով կա, բայց, ցավոք սրտի, այլևս Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան կամ Արմեն Մարտիրոսյան չկա: Ու այսքանով ավարտվում է "Ժառանգություն" խմբակցության բովանդակային նկարագիրը:
ՀՅԴ-ում կան մի քանի, ըստ իրենց համառ պնդումների, "ընդիմադիր" ընկերներ, ովքեր իրենց բուռն քննադատական ելույթներից հետո չեն խորշում նիստերի դահլիճից դուրս շատ ջերմ ընկերական զրույց ծավալել իրենց քննադատության թիրախ հանդիսացող հակառակորդ քաղաքական ուժի ներկայացուցիչների, ասենք' Գրիգորիչի ու մյուսների հետ, թև-թևի տված զբոսնել ԱԺ միջանցքներում, գնալ իրար հետ ծխելու և ձեռի հետ էլ մի քանի թարմ անեկդոտ պատմելու... Հա մոռացա ապագա նորանշանակ "ընկեր դեսպանի" մասին...
ՀԱԿ... Այստեղ կա մի կողմից` Նիկոլ Փաշինյան, մյուս կողմից` Լյովիկ կամ Լևոն Զուրաբյան, իսկ կենտրոնում ԱԺ ամենագոլդ պետհամարանիշն ունեցող, բայց այն այդպես էլ չօգտագործող համեստ ու զուսպ մի մարդ, ով 23 տարի առաջ կարդաց մեր երկրի անկախության հռչակագիրը... ու մի կերած-խմած, բայց համակարգիչ չունեցող անձ` նախկինում դատախազ: Մի կին էլ կա, ով, ըստ երևույթին, մեծ հաշվով խմբակցությունում սեռային բազմազանություն մտցնելու համար է, որ հետ չմնան մյուս խմբակցություններից...
Վահե Մակարյանի գրառումը
Ֆեյսբուք