▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայհոյանքի հոդվածով մեղադրվող Հրանտ Ավետիսյանը ժամանակին տպվել է «ՀԺ»-ում, երբ Սերժին էր հայհոյում

Արդեն 4 ամիս է, ինչ Հայաստանը նոր քրեական հոդված ունի՝ Քրօր 137.1՝ «Ծանր վիրավորանք հասցնելը»: Ըստ հոդվածի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է, թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կարող է պատժվել 100 հազարից մինչեւ կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե նույն անձի նկատմամբ եւ պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը՝ 1-3 ամիս ժամկետով:

/filemanager/uploads/2021/11/week-5/hrant_avetisyan.jpg

Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով քանի՞ գործ կա: Դատախազությունից հայտնում են, որ դեռեւս չեն ամփոփել, թիվ չունեն, իսկ ոստիկանության տվյալներով, դրանք մոտ մեկ տասնյակ են, սակայն, որպես կանոն, հարուցումից այն կողմ գործը չի գնում: Հասկանալի է, որ ամենահայհոյված անձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ հանցագործության վայրը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը, եւ հոդվածն էլ հիմնականում ներմուծվել է դա կանխելու նպատակով: Հայհոյանքներ գրում են հիմնականում հանրային գործիչների լուսանկարների ու գրառումների տակ

Օրենքի առաջին զոհը Հրանտ Ավետիսյանն էր, որի դեմ գործ է քննվում: Նա փիս-փիս բաներ էր գրել վարչապետի լուսանկարի տակ, որոնց մեջ կար «շան ծիծ» բառակապակցությունը: Հրանտ Ավետիսյանի մասին գրվեց, որ դա ֆեյք է, իրականում ֆեյք չէ, այլ 90-ականներին քաղաքական շրջանակներում հայտնի ազգայնական գործիչներից է, որն այն խառը ժամանակներում եղել է ՀՀԿ-ի ու ՀԱԲ-ի ստեղծման ակունքներում, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Հրանտ Ավետիսյանը եղել է պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի դստեր առաջին ամուսինը, որը հետագայում եղբոր՝ Արծրունի Ավետիսյանի հետ մեկնել է Ֆրանսիա եւ այժմ Ֆրանսիայից է մասնակցում Հայաստանի իրադարձությունների քննարկումներին: Ի՞նչ գիտի Ավետիսյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին:

Կայքի հարցին նա հեռախոսով պատասխանել է. «Ոչինչ չգիտեմ, ինձ հետաքրքիր էլ չէ: Ոնց որ բացել են, այնպես էլ կփակեն: Ես ո՛չ իրենց, ո՛չ էլ այդ գործի հետ գործ չունեմ»: Ավետիսյանը պատմեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք տպվել է «Հայկական ժամանակում», Ֆեյսբուքում Աննա Հակոբյանի ընկերներից է եղել: «Աննա Հակոբյանը տեսավ, որ քննադատում եմ Սերժին, ընկերություն էր տվել, հեղափոխությունից հետո էլ ուզում էին պաշտոն առաջարկել, բայց ինձ պաշտոններով չեն կարող գերել: Երբ սկսեցի Նիկոլին քննադատել, մի անգամ էլ գրեցի Ֆեյսբուքում՝ որ տեսեք, Փաշինյանին քննադատում եմ, իսկ նրա կինն իմ ընկերների թվում է, Աննան ինձ ջնջեց ընկերներից»,- պատմել է Ավետիսյանը

Օգտատեր Մանուել Մանուկյանը Փաշինյանին ֆեյսբուքյան լայվում ընդամենը անվանել էր «զիբիլի վրայի կատու» ու Քաջ Նազար եւ նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում: Նրա դեմ եւս հայհոյանքի հոդվածով գործ է հարուցվել: Ի՞նչ ընթացք ունի գործը, նա եւս չգիտի: Ձեզ կանչե՞լ են՝ հարցին պատասխանում է. «Քննիչը վատառողջ է, երկուշաբթի պետք է գնամ»: Մանուկյանն արցախյան երկու պատերազմների մասնակից է, որը, փաստորեն, ըստ Երեւան քաղաքի քննչական վարչության, ծանր հանցագործություն է կատարել:

Հետաքրքիր է, որ քրեական գործի հարուցումը Մանուկյանին չի կանգնեցրել: Առանց «Նիկոլ» բառը նշելու, նա հիմա էլ շարունակում է Ֆեյսբուքում ելույթներ ունենալ՝ դիմելով ոմն «Փրչոտի», «Սատանայի ծառայի»։ «Մարդիկ գիտեն, որ ես իրենց չեմ խաբի, ես քեզ նման չեմ կանգնել ԱԺ ամբիոնին, գոռացել՝ պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի, եւ հետո թաքնվել դեսպանատների պադվալներում։ Ես լուռ զենքս վերցրել եւ գնացել եմ դիրքեր եւ ես իմ ապրածով եմ մարդկանց ապացուցում, ոչ թե լեզվիս ճարտարությամբ։ Դու սպանել ես իմ ընկերներին, իմ հրամանատարներին, մի ողջ սերնդի եւ դու պատասխան պիտի տաս»,- ասում է Մանուկյանը սույն անհայտ Փրչոտին

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее